
Շառլ Միշելը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը, որը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ երկու երկրների միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ: Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, դարձել Է Բրյուսելում քննարկումների առանցքային տարր և կարևոր քայլ կծառայի ողջ տարածաշրջանի կարգավորման ու խաղաղ բացման ճանապարհին»,- նշել է Միշելը։
Warmly welcome the agreement between Armenia and Azerbaijan on the 1991 Alma Ata Declaration as the basis for border delimitation between the two countries.
— Charles Michel (@CharlesMichel) April 20, 2024
Border delimitation based on the unambiguous recognition of the territorial integrity of each country has been a key…
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, ինչպես նաև կշարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել