HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը

Թուրքիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միջև պետական սահմանի սահմանազատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը՝ 30 տարվա ընթացքում «բռնազավթված չորս գյուղերը» (չակերտները՝ խմբագրության) Ադրբեջանին վերադարձնելու և սահմանազատման աշխատանքները շարունակելու վերաբերյալ։ Ուղիղ բանակցությունների ընթացքում իրադարձությունների այս դրական զարգացումը կարևոր քայլ է վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»,- ասված է թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, ինչպես նաև կշարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Լուսանկարը՝ Shutterstock Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter