HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ուղևորություն «սառը եղանակի և ջերմ մարդկանց երկիր»

Նրանց կոչում են «քամի բռնողներ», նրանք գնում են քամու հետևից, «լա՛վ» քամու՝ կտրելով բազմաթիվ կիլոմետրեր, մինչև կհասնեն իրենց քիմքին հարմար մի տարածք, ուր ազատությունը երկնքի գույնն ունի, իսկ երջանկությունը՝ քամու արագություն: Կայտինգով զբաղվողների տարերքը բնությունն է, որտեղ  քամու էներգիան օգտագործվում է օդապարուկի օգնությամբ ջրի, ձյան կամ հողի վրա սահելու և ուժային, խաղային որոշ վարժանքներ կատարելու համար: 

Մեքենան հանգիստ սահում է ասֆալտապատ ճանապարհով: Անձրևի կաթիլները մանր հարվածներով ծեծում են դիմապակին: Գյումրիից մինչև Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան գյուղ 25 կմ է: Գարնան երկրորդ ամսվա սկիզբն է, սակայն ձյունն այստեղ շարունակում է աննահանջ իշխել տարածքին: Աշոցքի տարածաշրջանում ձմեռն իր դիրքերը չի զիջում մոտ 6 ամիս: Բնակիչների մեծ մասը չի սիրում այդ ժամանակահատվածը: Ապրում են՝ տարիներ շարունակ երազելով քաղաքային կենցաղավարության մասին: Ոմանք լքում են գյուղերը, ոմանք՝ շարունակում համակերպված ապրել՝ սպասելով հրաշքի, որն անպայման մի օր տեղի կունենա ու կգեղեցկացնի կամ ավելի հետաքրքիր կդարձնի իրենց կյանքը: 

Կարմրավանում մի քանի ամսից դռները կբացի «Կարմրավանի կայտբորդինգի կենտրոնը» EU-LEAD4Shirak-ի աջակցությամբ: Ի՞նչ փոփոխություններ կբերի այս բավական հետաքրքիր, ինչ-տեղ նորություն ապահովող կառույցը տեղացիների կյանքում: «Միայն դրական՝ չսպասված հրաշքի նման»,-ծիծաղում է ծրագրի ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Անձրևի կաթիլները քիչ-քիչ փոխակերպվում են ձյան փաթիլների: Մեքենան սահուն շրջադարձեր է կատարում, ծովի մակերևույթից արդեն 2000 մետր բարձրության վրա ենք: 

«Հայաստանի հյուսիսը, ունենալով շատ մեծ պոտենցիալ, ցավոք, քիչ է ուշադրության արժանանում,-շարունակում է զրուցակիցս,-այո, մենք չենք կարողանում անգամ Ծաղկաձորի հետ ոտք մեկնել, ուր մնաց, թե եվրոպական նմանատիպ բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ վայրի: Այստեղ բնակվողները ևս ինչ-որ տեղ չունեն ոգևորվածություն նոր բան ստեղծելու, սակայն պատրաստ են իրենց մեկնած ձեռքը բռնել: Սա, իմ կարծիքով, լավ հատկություն է: Այս տարածաշրջանը ես կոչում եմ «սառը եղանակի և ջերմ մարդկանց երկիր»: Այստեղ կյանքը մի տեսակ կղզիացած է, բայց երբ հայտնվում ես ներսում, զգում ես այն մեծ էներգիան, որ իրենց մեջ սովորաբար ամփոփում են բնության հետ սերտ շփվող մարդիկ: Սա ասում եմ վստահաբար՝ հաշվի առնելով, թե ինչպես գրկաբաց ընդունեցին մեզ կարմրավանցիները»:

Երբ Տիգրանն ընկերոջ՝ Կարենի հետ 12 տարի առաջ Հայաստան բերեցին կայտինգի հետ կապված առաջին սպորտային գույքն, ընդամենը սեփական հետաքրքրությունները բավարարելու խնդիր ունեին: Հետո պետք է տարիներ անցնեին, Հայաստանում կայտինգով զբաղվելու լավագույն վայրերի բացահայտման նպատակով ունենային բազմաթիվ ուղևորություններ, ուսումնասիրություններ, իրենց ունեցածն ուրիշներին փոխանցելու ճանապարհի փնտրտուքներ, սեփական նախաձեռնությամբ՝ ցանկացողների վերապատրաստումներ: Եվ ահա, 2021թ.-ին հիմնում են «Հյուսիս-արկածային ակումբը»` որպես բիզնես և սկսում ծառայություններ մատուցել զբոսաշրջիկներին: 

«Ուղղակի հասկացանք, որ միայն այդպես կարող ենք զարգացնել Հայաստանում այս սպորտաձևը, ինչպես նաև` օտարներին ճանաչելի դարձնել Շիրակի մարզի հյուսիսը: Իհարկե, այս ամենին շատ ավելի արագ հասնելու ձևեր կան, եթե մարզում ենթակառուցվածքների առումով մեծ ներդրումներ արվեն՝ սպորտբազաներ, հանգստյան գոտիներ, գյուղական հյուրատներ, ճանապարհների հասանելիություն եւ այլն: Ներկա դրությամբ, կարող եմ ասել, որ որոշակի շարժ կա՝ մեծ չէ, բայց կա, օրինակ` անցած տարվանից հյուրանոց է բացվել Վարդաղբյուր և մի հյուրատուն էլ՝ Ցողամարգ գյուղերում։ Ամասիայում ստեղծվել է կազմակերպություն, որ զբաղվում է ձմեռային փառատոնների անցկացմամբ, մեկ երկու ամսից մենք կսկսենք ակտիվ գործունեություն ծավալել»,- նկատում է Տիգրանը:

Հասնում ենք Կարմրավան: Բաց դաշտում ուրվագծվում է Կարմրավանի կայտինգի անավարտ կենտրոնը: Շինությունը կառուցվում է թեթև կոնստրուկցիաներով, որը հնարավորություն կտա ապագայում քանդել-տեղափոխել, եթե տարածքում փոխվի կլիման՝ քամիների դադար, ձյան սակավ տեղումներ և այլն: Գյուղ տանող ճանապարհին մեզ են սպասում Աշոցքից, Ղազանչիից, Կարմրավանից եկած երիտասարդները: Նրանք կայտինգի նորաբաց դպրոցի սաներն են և ապագա աշխատակիցները:

22-ամյա Մուրադ Գրիգորյանն ու Ֆելիքս Ոսկանյանն Աշոցքից են: Տղաները նախկինում զբաղվել են դահուկային սպորտով, ներկայում կայտինգի դասեր են ստանում Կարմրավանի կայտինգի դպրոցում: Ֆելիքսն ասում է, որ շատ ոգևորված են նորույթով, որ տարածաշրջան է բերել Տիգրան Պետրոսյանը: «Շատ ոգևորված եմ էն հեռանկարով, որ մեր առաջ բացում է կայտինգի դպրոցը։ Կենտրոնը, որ հաստատվել է Կարմրավանում, կզարգացնի զբոսաշրջությունը Աշոցքում: Մենք հիմա ուսուցման փուլում ենք, բայց հետագայում, իհարկե, աշխատելու ենք տուրիստների հետ ու, եթե մի առ ժամանակ մտածում էի խոպան գնալու մասին, հիմա արդեն՝ ոչ»,-Ֆելիքսը գոհ ժպտում է: Գրեթե նույն տեսակետն  է հայտնում նաև Մուրադը՝ կմնան, կաշխատեն, չեն արտագաղթի: 

Աղջիկների խմբից զրուցում եմ Մարինե Թորոսյանի և Անգելինա Մուրադյանի հետ: Մարինեն Կարմրավան գյուղից է, սովորում  է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: «Ոգևորությունս մեծ է, վերջապես Աշոցքը ուշադրության կենտրոնում է հայտնվել, հատկապես՝ Կարմրավանը: Նախկինում, երբ ներկայացնում էի ինձ տարբեր խմբերում և նշում էի, թե որտեղից եմ, շատերը տեսականորեն անգամ քարտեզի վրա չգիտեին, թե որտեղ է Կարմրավանը, թեկուզ Աշոցքն էլ: Սա ասում եմ մոտավորապես վերջին հինգ տարվա կտրվածքով,-նշում է Մարինեն,-այս ծրագրի շրջանակներում ակտիվ գործունեություն եմ ծավալում, զբաղված եմ ֆոտո-վիդեո նկարահանումներով: Գյուղը թողնելու մտադրություն երբեք չեմ ունեցել, իսկ կենտրոնի ծրագիրն օգնեց, որ արմատավորվեմ ու փորձեմ շենացնել այն»:

19-ամյա Անգելինա Մուրադյանը բնակվում է Ղազանչի գյուղում: Ձմեռային սպորտաձևերի սիրահարներին առավել հայտնի է որպես Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից: Պրոֆեսիոնալ դահուկավազքը թողել է, հիմա զբաղվում է սիրողական դահուկավազքով, սովորում է Շիրակի պետական համալսարանում: «Ինձ այս ծրագրի առավել սպորտային հատվածում եմ տեսնում,-նկատում է Անգելինան,-ամռանը կարող եմ որպես գիդ ուղեկցել զբոսաշրջիկներին սարերում զբոսնելիս, ձմռանը՝ դահուկով սահելու խորհրդատու, չիմացողներին՝ նաև ուսուցանող: Կարծում եմ՝ բոլորս էլ կկարողանանք ինչ-որ մի բան անել մեր տարածաշրջանի զարգացման համար»:

Տիգրանը գաղտնիք է բացում՝ զբաղվելու են լեռնային թերապիայով: «Բացի այն, որ գույքային ծառայություններ ենք մատուցելու և էքստրիմ ոլորտն ենք զարգացնելու, նաև ընդունելու ենք առավել պասիվ հանգստի սիրահարներին, որոնց նպատակը պարզապես մաքուր, լեռնային օդ շնչելն է, բնության մեջ լինելը, բնության տվածը վայելելը՝ առանց այն խաթարելու: Սա մեր հեղինակած զբոսաշրջային ծառայության պրոդուկտն է, որ կոչվում է՝ լեռնային թերապիա,-բացատրում է Տիգրան Պետրոսյանը,-անցած տարի նոյեմբերին հրավիրված էինք Իտալիայի Բոլզանո քաղաքում կայացած առաջին լեռնային նորարարության փառատոնին: Ի զարմանս մեզ, գաղափարը հետաքրքրեց շատ երկրների, մենք այն նվիրեցինք տարբեր աշխատանքային գործընկերների, կապի մեջ ենք, և որքան գիտեմ, ամեն մեկն, իրենց լեռնային պայմաններում, փորձում են տեղայնացնել մեր գաղափարը և զարգացնել»:

Տիգրանն իր թիմին համեմատում է գանձ որոնողների հետ, միայն թե իրենց հետաքրքրության թիրախում ոչ թե թանկարժեք մետաղն է, այլ բնության երևույթները: «Մենք քամիներին հետևելով եկանք հասանք Կարմրավան, գտանք տարածք, որ լանդշաֆտով ամենահարմարն է մեզ, բայց ամենակարևորն ու անգնահատելին առջևում էր՝ դա մարդիկ էին, որ ապրում են այստեղ: Հիմա կարող եմ վստահ ասել, որ բացահայտել ենք ամենակարևոր ռեսուրսը՝ մարդկայինը»: 

Մենք հրաժեշտ ենք տալիս Աշոցքի բնակիչներին ու շարժվում Գյումրի: Ամպերը հետ են քաշվում, և արևի թույլ ճառագայթները սկսում են շոշափել թաց դաշտերն ու ասֆալտը: Այսպիսին է Հայաստանի հյուսիսը՝ մեկ՝ քամի, մեկ՝ ձյուն, մեկ՝ արև, ու այդ ամենը կարող են հերթագայել մի քանի ժամում: Այդպիսին են նաև այստեղ բնակվող մարդիկ՝ բնավորությամբ նման իրենց լեռներին՝ պարզ, փոթորկուն, բայց միշտ ջերմ: Ու այս ամենը տեսնելու և վայելելու հրավերն է նորաստեղծ կայտինգ-կենտրոնի հիմքում:  

Գլխավոր լուսանկարը տրամադրել է «Հյուսիս-արկածային ակումբը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter