HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտական եղբայրության» անդամները ձերբակալվել են Տավուշում բողոքի ակցիայի ժամանակ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները: 

«Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը՝ մարզային ստորաբաժանման ղեկավարի գլխավորությամբ, այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում»,- նշվում է հաղորդագրությունում։ 

Ինչպես տեղեկանում ենք «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից, միաբանության 7 անդամներ բերման են ենթարկվել Բագրատաշեն տանող ճանապարհին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։ «Բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա, մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա»,- նշվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում սկսվեցին բողոքի ցույցեր։ Բնակիչները փակել էին Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Նրանք ցանկանում են հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար։

Լուսանկարը՝ էկրանակադր «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջի տեսանյութից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter