
ՀԱՊԿ-ում կարծում են, որ Ադրբեջանը անձամբ կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղում անվտանգությունը
Բաքուն սեփական ուժերն ունի Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման համար։ Ռուսական TACC գործակալությանը նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը. ներկայումս այն Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի սեփական ուժերն այնտեղ անվտանգության ապահովման համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի չի լուծվում: Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,- հայտարարել է ղազախ պաշտոնյան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև այս կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հարցին։ Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, իսկ օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։
«ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ պետության հարաբերությունները ամենևին էլ լավ շրջան չեն ապրում։ Սակայն ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք դրված են օրակարգում, լուծվում են աշխատանքային կարգով»,- հայտարարել է նա։
Տասմագամբետովը հավելել է, որ 2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի Հայաստանի ինքնիշխան ընտրությունը:
«2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշում է: Բացի այդ գագաթնաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսով ենք՝ դեպի լավը»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել