
Ալիևը Ռուսաստանին անվանել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության առումով հիմնարար երկիր
Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով, իսկ Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունից շատ բան է կախված։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Տարածաշրջանային անվտանգության հարցերը մշտապես մեր հանդիպումների օրակարգում են։ Մենք ուրախ ենք, թե ինչպես են դրանք լուծվում։ Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում տարածաշրջանային անվտանգության և ավելի լայն աշխարհագրության առումով։ Եվ մեր երկրների միջև փոխգործակցությունից շատ բան է կախված»,- Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ալիևը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը «նպատակաուղղված է տարածաշրջանում վստահության միջոցների ամրապնդմանը, փոխգործակցության և փոխադարձ շահերի ոգով բոլոր հարցերի կարգավորմանը»։ «Մենք նպատակ ունենք ամրապնդել վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցները և բոլոր հարցերի կարգավորումը՝ փոխգործակցության և փոխադարձ շահերի ոգով»,- շարունակել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, որ գոհ է Բաքվի ու Մոսկվայի կապերի զարգացումից։ «Մենք շատ գոհ ենք, թե ինչպես են զարգանում մեր կապերը»,- ասել է նա։
Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն արդեն ավելի քան երկու տարի աշխատում են 2022 թվականի փետրվարին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի շրջանակներում։ Ինչպես ընդգծել է Ալիևը, սա քաղաքական գլխավոր փաստաթուղթն է, որը կանխորոշում է Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների առաջանցիկ զարգացումը ապագայում: «Ինչպես նշեցիք, օրակարգը բավականին ընդարձակ է։ Այնտեղ առկա է նաև տրանսպորտային բաղադրիչը։ Մենք այսօր կքննարկենք դա՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը միավորում է մեր երկրներին և մեր գործընկերներին, գլոբալ նշանակություն ունի բեռնափոխադրումների անվտանգության ու բազմաթիվ երկրների միջև առեւտրային հարաբերությունների խթանման համար», - ընդգծել է Ալիևը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել