
Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Վրաստանի իշխանությունները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին համաձայնությունը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Վրաստանի ԱԳՆ-ն։
«Վրաստանը ողջունում է սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ հայ-ադրբեջանական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը: Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր հաստատակամ հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասված է հրապարակման մեջ։
Georgia welcomes the agreement reached by the Azerbaijan-Armenia Border Delimitation Commission on launching Border Delimitation process. Georgia is interested in securing lasting peace in the region and reaffirms a strong commitment to contribute to a peace and trust building…
— MFA of Georgia (@MFAgovge) April 22, 2024
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, ինչպես նաև կշարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Լուսանկարը՝ Alex Shirmanov/Adobe Stock
Մեկնաբանել