HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդցիները մատաղ են անում անհաջողությունները կանխելու համար

Այսօր Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի առաջին և երկրորդ զանգվածների բնակիչները, քաղաքում վերջին ամիսներին արձանագրված դժբախտ պատահարների հետ կապված, մատաղ էին մատուցում թաղամասի բնակչությանը:

Մատաղի արարողությունը կազմակերպել էին թաղամասերի երիտասարդները: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհին ալավերդցի Մհեր Հակոբյանին պատկանող «Մերսեդես Ե-280» ավտոմեքենայի վթարի հետևանքով զոհվել էին ալավերդցի 4 երիտասարդ տղաներ, իսկ մայիսի 15-ի վաղ առավոտյան' ժամը 5:30-ին, Վանաձոր -Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ում Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Ժորայի Կիրակոսյանին պատկանող «Գազ-3110» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով ևս 4 ալավերդցիներ խեղդվել են Դեբեդում:

Թեև այս վթարից անցել է արդեն 14 օր, բայց ջրախեղդ եղած Հարություն Երզնկյանի մարմինը դեռևս Դեբեդում չի հայտնաբերվել: Ալավերդիում, բացի այս վթարներից, կտրուկ աճել են նաև մահվան այլ դեպքերը:

Ալավերդցիները վթարների և մահվան դեպքերի կտրուկ աճը բացատրում են քաղաքում հայտնված չար ուժերով: Մատաղի կազմակերպիչներից Սարո Մոսինյանը «Հետքին» ասաց. «Մատաղը մատուցում ենք քաղաքի բնակչության կյանքի համար, Աստծուց խնդրում ենք, որ այլևս վթարներ չլինեն, ժողովրդի վիճակը նորմալանա: Մատաղը բաժանում ենք բոլորին, մատաղի մի մասը ուղարկել ենք թաղամասի սոցիալապես անապահով ծերերի ճաշարան, նրանց էլ մատուցելու համար»:

Հրաչ Բեժանյանն էլ հավելեց. «Էսօր մեր բակի ժողովուրդը որոշել է մատաղ անել' քաղաքի վերջին անհաջողությունները կանխելու համար: Մատաղը ավանդական կարգով անում ենք և ցանկանում ենք, որ Աստված մեր մատաղը ընդունելի անի և մեր քաղաքի դժբախտություններն այլևս չկրկնվեն: Ինչ եղել ա, եղածով ավարտվի»:

Մատաղի հեղինակները նաև հայտնեցին, որ մատաղացու մոզին գնել են թաղամասին բնակիչներից հանգանակած փողերով: Մոզին մորթել են այսօր' վաղ առավոտյան' ժամը 6-ին, մատաղի աղը մայիսի 28-ին օրհնել է Ալավերդու Ս.Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Միքայել Շաղոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter