
Ղրղզստանի նախագահը պետական այցով ժամանել է Ադրբեջան
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պետական այցով ժամանել է Բաքու: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Բաքվում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Ադրբեջանի նախագահի նստավայրում Ժապարովին դիմավորել է Իլհամ Ալիևը, որից հետո մեկնարկել է երկու երկրների նախագահների հանդիպումը։ Ալիևն ու Ժապարովը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։
Իսկ ավելի ուշ մեկնարկել է Ադրբեջանի և Ղրղզստանի միջպետական խորհրդի 2-րդ նիստը։ Դրա ավարտին կստորագրվեն նախագահների համատեղ հռչակագիրն ու մի շարք համաձայնագրեր, որոնք ուղղված են առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը:
Ղրղզական կողմի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ժապարովի գլխավորած պատվիրակության մեջ ներառված են 15 նախարար և պաշտոնյա։ Նախատեսվում է, որ Ժապարովն այցելելու է նաև Աղդամի շրջան՝ մասնակցելու միջնակարգ դպրոցի հիմնարկեքի արարողությանը։
Սադիր Ժապարովի նախորդ այցն Ադրբեջան տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 23-24-ը՝ Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել