HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատական համակարգում խնայողություններն արվում են արդարադատությունը քաղաքացիների համար սահմանափակելու հաշվին

2024-ի հունվար ամսին Դատական դեպարտամենտը (ԴԴ) հայտարարեց Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայր փակելու մասին։ Փակվեցին Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի նստավայրերը։ Այդ որոշումով փակվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու նստավայր՝ Աշոցքի և Արթիկի, Սյունիքի մարզում երկու նստավայր՝ Սիսիան և Մեղրի, մեկական նստավայր հինգ այլ մարզերում։

Նստավայրերը փակելու որոշումը Դատական դեպարտամենտը հետևյալ կերպ պատճառաբանեց 

ա/ Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ։ 

բ/ 9 նստավայրերից 8-ն այնպիսի անմխիթար շենքային պայմաններում են գործել, որ պարզապես հարիր չէին դատարանի բարձր դիրքին և վնասում էին դատարանի հեղինակությանը։

գ/ Նստավայրերը փակելու որոշումը կայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ներդրվել են քաղաքացիական դատավարության նոր էլեկտրոնային գործիքակազմեր, և շատ դեպքերում անհրաժեշտություն չի լինի ֆիզիկապես ներկայանալ դատարան:

«Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 մլն դրամ»,- ասվում էր Դատական դեպարտամենտի հայտարարության մեջ։

Համաշխարհային բանկի 2023թ-ի՝ «Հայացք ապագային» զեկույցում վերլուծվում են 2021թ արդարադատության վերաբերյալ տարածաշրջանային հարցման արդյունքները։ Հարցումները ցույց են տվել, որ դատական ծառայություններից օգտվողների համար արդարադատության մատչելիության ամենամեծ արգելքը դատական ծախսերն են: Հայաստանում դատական ծախսերը և փաստաբանական վճարներն  ավելի բարձր են, քան տարածաշրջանի այլ երկրներում: 

Դատական մեծ ծախսերը հաճախ արդարադատության հասանելիության խոչընդոտ են դառնում։  Ընդ որում, ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում առաջին ատյանի դատարաններին։ 2021թ-ին զգալիորեն բարձրացրել են դատարան դիմելու համար պետական տուրքերի չափերը։

Դատարանների ֆիզիկական հասանելիությունը նույնպես մեծ խոչընդոտ է գյուղական բնակավայրերի քաղաքացիների համար: Առաջին ատյանի դատարանների նստավայրերը գտնվում են քաղաքներում, և գյուղերում ապրող քաղաքացիների մեծ մասը դատարաններ հասնելու դժվարություն ունի: Դժվարությունները կրկնապատկվում են գյուղերը քաղաքներին կապող տրանսպորտի բացակայության կամ վատ աշխատելու պատճառով։ Չնայած այդ հանգամանքին, Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է արդարադատության ոլորտում խնայողություններն անել քաղաքացիներին ծառայություններ մատուցելու հաշվին։ 

Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի 2020թ. զեկույցի համաձայն՝ 2018թ.-ին Հայաստանում առաջին ատյանի դատարանների միջին թիվը 100,000 բնակչի հաշվով կազմել է 0,5 միավոր, ինչը զգալիորեն ցածր է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի միջին թվաքանակից՝ 1,89 միավոր։ 

«Քանի որ ինտերնետի մատչելիությունը բարելավվում է, դատական ​​շենքերի ցանցի հետագա ընդլայնման անհրաժեշտություն կարող է չառաջանալ»,- ասվում է ՀԲ-ի զեկույցում։ Ենթադրում են, որ արդարադատության ծառայությունների ֆիզիկական հասանելիությունը բարելավելու հետագա ջանքերը կարող են, թերևս մասամբ, իրականացվել առցանց, օրինակ՝ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելը:

Նկատի ունենանք, որ ՀԲ-ի զեկույցը պատրաստվել է մինչև 9 նստավայրերի փակվելը, և զեկույցի հեղինակները հավանական են համարել, որ էլեկտրոնային արդարադատությունը գործարկելուց հետո, հնարավոր է, դատարանների նոր շենքեր ավելացնելու անհրաժեշտություն չլինի։ Նրանք չեն քննարկել եղածը կրճատելու հարցը։ Ավելին, նշվում է, որ Հայաստանում դատարանների շենքերը բավարար տարածքներ չունեն։ Պարզ չէ նաև, թե գործող դատարաններում քանի դահլիճ կա: Դատական նիստերի դահլիճների թիվն, արդյոք, համաչա՞փ է գործող դատավորների թվին: 

Ըստ առաջարկված եվրոպական չափանիշների՝ դատական ​​նիստերի դահլիճների թիվը որոշում են ակնկալվող դատալսումների ժամանակացույցի հիման վրա՝ կախված տվյալ դատարանում քննվող գործերի քանակից և հաշվի առնելով գործունեության ցանկացած աճ (այսինքն՝ 30 %): Ամերիկյան չափանիշներով՝ մեկ դատավորի համար մեկ դահլիճ պետք է նկատի ունենալ։

Հայաստանում հետազոտված դատարաններում մեկ դատավորի հաշվով դատական նիստերի դահլիճների հարաբերակցությունը կազմում է 1,135 միավոր։ Այսինքն, 9 նստավայր փակելուց հետո դատական դահլիճների քանակի անհամապատասխանությունը դատավորների այսօրվա թվաքանակի հետ ավելի է մեծանում: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 12 դատավոր ունի։ Երկու նստավայր փակելուց հետո բոլոր դատավորներն ապահովվելո՞ւ են դահլիճներով։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23 հոդվածի համաձայն՝ Շիրակի մարզում դատավորների կազմում առնվազն 13 դատավոր պետք է լինի։ 

«Հայացք ապագային» զեկույցում նշվում է, որ Հայաստանի դատարանների շենքերից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Սա վերաբերում է դատարանների դահլիճների և գրասենյակների ոչ բավարար տարածքներին: Այս չափանիշներին համապատասխանելու համար շենքերի գրեթե կեսը վերանորոգման և ընդլայնման կարիք ունի, իսկ մնացածը պետք է ամբողջությամբ փոխարինվի կամ վերակառուցվի: 

ՀԲ-ի զեկույցում մարտահրավեր է համարվում դատարանների ենթակառուցվածքի վատ վիճակը: Հայաստանի դատական ​​հաստատություններն արդիականացման կամ վերանորոգման կարիք ունեն, և նույնիսկ համեմատաբար վերջերս վերանորոգված դատարանների շենքերը վերջին 10-15 տարիների ընթացքում պահպանության համար բավարար ֆինանսավորում չեն ստացել: 

«Վատ ենթակառուցվածքն ազդում է դատավորների և դատարանների անձնակազմի աշխատանքային պայմանների, ինչպես նաև՝ դատական ​​ծառայությունների արդյունավետության ու որակի վրա: Ֆիզիկական ենթակառուցվածքի հետ կապված շատ խնդիրներ դառնում են ավելի հրատապ, ներառյալ կառուցվածքային աշխատանքը, հասանելիության ապահովումը և անվտանգության բարելավումը»,- նշվում է զեկույցում: 

Համաշխարհային բանկի ֆինանսավորած երկու ծրագրերի և մի քանի առանձին պետական ​​ներդրումների աջակցությամբ դատարանների 47 շենքերից 33-ը կառուցվել կամ վերանորոգվել է 2000-ական թվականների վերջին և 2010-ի սկզբին: Այսպիսով, Հայաստանի դատական ​​ենթակառուցվածքների շուրջ 86 %-ը վերականգնվել է կամ նորն է կառուցվել։ Մնացածը (47-ից 7-ը) կառուցվել է խորհրդային տարիներին և այդ ժամանակվանից չի վերակառուցվել:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ վերջերս քննարկել է դատարանների շենքերի բարելավման, թվայնացման գործիքների զարգացման ծրագրերը։ Քննարկվել է նաև դատարանների շենքերի տիպային մոդելների ձևավորման հարցը։ ԲԴԽ նախագահը հայտնել է, որ Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակվում են դատարանների շենքերը միասնական տեսքի բերելու նախագծերը։ 

9 նստավայրերը փակելու փոխարեն դատական իշխանությունը, միգուցե, մտածեր շենքերը վերակառուցելու և դահլիճները դատավորների թվին եթե ոչ համապատասխանեցնելու, ապա գոնե մոտեցնելո՞ւ մասին։ Քիչ չեն դեպքերը, երբ դատական նիստերը հետաձգվում են դահլիճի բացակայության պատճառով։

Լուսանկարում՝ ԲԴԽ կազմը, ԲԴԽ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter