
Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Այս մասին հայտնում է Կառավարությունը։
«Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում:
Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք:
Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, կապահովվի կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն:
Երկրորդը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգն է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգն իրենից ենթադրում է հայալեզու կայք:
Արդյունքում կապահովվեն պայմաններ՝ թանգարանների տոմսերի վաճառքի թվայնացման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել