HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը

Աղդամում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը պետք է հետևեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմին, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը:

Վերջինիս տվյալներով՝ Աղդամի շրջանում, որտեղ գտնվում էր կենտրոնը, տեղի է ունեցել փակման արարողություն, որը կազմակերպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Դրան մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այդ երկրի ԶՈւ ԳՇ պետ Քերիմ Վելիևը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովը և Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը:

Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Սերգեյ Իստրակովը նշել է, որ Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը «երեք տարի շարունակ երեք երկրների զինվորականների հաջող համագործակցության օրինակ է հանդիսացել»: «Առաջադրված բոլոր խնդիրները լուծվել են Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերների կողմից գործնական ու բարեկամական մթնոլորտում»,- նրա խոսքը մեջբերել է ադրբեջանական գործակալությունը:

Դեռ ապրիլի 18-ին էր հայտնի դարձել, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը համատեղ կփակվի նաև ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։ 

«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելության ավարտի աշխատանքները, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամում՝ Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հուշագրի շրջանակներում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու և Լեռնային Ղարաբաղում խախտումները կանխելու նպատակով»,- հայտարարել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը։ Աշխատանքների ավարտի ժամկետների մասին նա ոչինչ չէր նշել։

Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը իր գործունեությունն սկսել էր 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո։ Ըստ ռուսական կողմի՝ այդ կենտրոնը հետևելու էր Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի պահպանմանը, սակայն մամուլում երբևէ դրա գործունեության արդյունքների վերաբերյալ ոչինչ չէր նշվել, բացառությամբ զորակազմի փոփոխության կամ դրանց մանդատի երկարաձգման վերաբերյալ նորություններին։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter