
Տիգրան Աբրահամյանը և Սեյրան Օհանյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին:
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր, ինչպես նաև` Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հետ կապված խնդիրները:
Այս համատեքստում, դեսպանի հետ զրույցում, մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, ոստիկանական բռնությունների աճի, Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը:
Խոսքումս նաև նշեցի, որ սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացն իրականում խաղաղության երաշխիք չի ապահովում, ավելին` դա հետագա սրացումների առիթ է դառնալու:
Դեսպանն այս համատեքստում անդրադարձավ ԵՄ մոտեցումներին և Հարավային Կովկասում ձևավորված իրադրության վերաբերյալ կառույցի պաշտոնական մոտեցումներին և անելիքներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։
Մեկնաբանել