
Տիգրան Արզաքանցյանը փորձում է հերքել, բայց ի՞նչը
Էդիկ Բաղդասարյան, Սեդա Գրիգորյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը սովորություն ունի ամեն ինչ հերքելու: Դրա համար էլ իր հոբբիների մեջ ավելացել է եւս մեկը` լրատվամիջոցներին դատի տալը: Դա արդեն նմանվում է կազինո գնալուն:
Այսօր NEWS.am-ին տված հարցազրույցում նա հերքել է, որ ինքը Փարիզում վիլլա ունի: Ինչո՞ւ է հերքում, ինչո՞ւ է նա «հրաժարվում» իր ունեցվածքից` իսկապես անհասկանալի է:
«Մարդը իր քրտինքով ստեղծել է»,-այսպես է գրում է իր երկրպագուներից մեկը «Հետքի» մեկնաբանությունների դաշտում: Իսկ մեկ այլ երկրպագու` Գագիկ Հայրապետյանը նույնիսկ սպառնում է: Նա գրում է. «Ինչ գործ ունեք մեր քյավառցուց, դուք ճանաչո՞ւմ եք, թե ինքը ինչ թագավոր մարդ ա, որ տենց բան եք գրում: Դուք ճիճու եք նրա համար, դե կարաք կանգնեք դիմացը խոսացեք: Թե՞ պարապ եք մնացել, այսինքն` նախանձությունը խոսում է ձեր մեջ, կամպյուտուրի դեմները դուխներդ 1000 է: Ինքնա սխալ, որ շատ բարի մարդ ա ու ձեզ չի պատժում, բոլորիտ շատ վատ ձեւերով, ոնց որ բոլորն են անում, դրա համար էլ շատ չեն գրում ուրիշների մասին ու վախում են խոսան: Բայց համոզված եմ, որ իրա ազգի մեջ կգտնվեն շատ մարդիկ, որ սաղիտ պատժելու են»:
Թե ինչու է Տիգրան Արզաքանցյանը փորձում «հրաժարվել քրտինքով ձեռքբերածից»` անհասկանալի է: Չգիտենք` վիլլան ում անունով է դարձրել Տիգրան Արզաքանցյանը, սակայն Ֆրանսիական ձեռնարկությունների այս կայքում այդ տեղեկությունները պահպանվում են. վիլլայի սեփականատերը «Almaz» ընկերությունն է, որը գրանցված է Տ. Արզաքանցյանի անունով:
Արզաքանցյանը Հայաստանում մոտ տասնհինգ հանքավայրերի սեփականատեր է, եւ չի բացառվում, որ վաղը իր անունը դրանց սեփականատերերի ցանկում չլինի: Պատգամավորին խորհուրդ ենք տալիս հետքերը վերացնելու փոխարեն, արժանապատվորեն ասի, որ` այո, դա իմ ունեցվածքն է:
Վիլլայի հասցեւում է գրանցված նաեւ Վարդանուշ Արզաքանցյանը` Տիգրան Արզաքանցյանի կինը, տեղեկատուի մեջ նշված է նաեւ կնոջ հեռախոսահամարը: Հնարավոր է` Ֆրանսիայի իր սեփականությունները գրանցել է կնոջ անունով, եւ դրա համար է պատգամավորն ասում` Տիգրան Արզաքանցյանինը չէ:
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել