Դատաիրավական բարեփոխումներ՝ այս անգամ օրենքների շրջանցումը կանխելու համար
Հանրությանն է ներկայացվել դատաիրավական բարեփոխումների 2012-16 թթ. ռազմավարական ծրագիրը, որով հերթական անգամ խոստանում են կայացնել համակարգը: Իրականում ի՞նչ է խոստանում դատական համակարգի բարեփոխմանը միտված հերթական ծրագիրը, կհաջողվի՞ թղթային բարեփոխումներից անցում կատարել կիրառության, թե՞ եւս չորս տարի կզբաղեցնեն մարդկանց միտքը: Արդյոք օրենքների անկատարությո՞ւնն էր խանգարում արդարադատ դատավոր եւ վստահելի դատական համակարգ ունենալուն:
««Հետքի» սրահում» այս հարցերն ենք քննարկում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հետ:
Էդիկ Բաղդասարյան- Բարեւ Ձեզ, այսօր ««Հետքի» սրահում» քննարկելու ենք իրավական եւ դատական ոլորտների, այսպես կոչված, բարեփոխումները, որոնք պարբերաբար հայտնվում են մեր հանրության տեսադաշտում: Մեր հաղորդման հյուրն է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը: Զրույցը կվարենք ես եւ լրագրող Սառա Պետրոսյանը: Ուզում եմ, որ այս քննարկումը սկսենք հետեւյալ հարց ու պատասխանով. ինչու՞ են մեզ այսօր անհրաժեշտ դատաիրավական բարեփոխումները:
Գրիգոր Մուրադյան- Նախ ասեմ, որ համաձայն չեմ այն մտքի հետ, որ խոսքն «այսպես կոչված» բարեփոխումների մասին է, եթե Դուք ընթերցել եք ամբողջ կարգադրությունը, կհանդիպեիք այն հանգամանքին, որ խոսքն այստեղ ոչ թե իրական եւ, ըստ իս, իրատեսական ռազմավարության մասին է:
Բարեփոխումները մեզ միշտ են անհրաժեշտ եղել. մենք եղել ենք անցումային պետություն: Մենք հետխորհրդային պետություն ենք, կոմունիզմի շինարարության բարքերից եւ հասարակարգից անցել ենք ազատական, իրավական, ժողովրդավարական պետության: Համենայնդեպս, մենք դեռ չենք ապահովել իրավական պետությանը հարիր բոլոր պահանջների կատարումը: Դրա համար էլ, ըստ էության, անհրաժեշտ են բարեփոխումները:
Առաջին փուլում խոսքը նրա մասին էր, որ ընդամենը ազատ շուկայական տնտեսությանը հարիր օրենսդրություն եւ դատական իշխանություն ապահովել, հետագայում սահմանադրական բարեփուխումներից հետո, սահմանադրությամբ պահանջված, անհրաժեշտ օրենքներ ընդունել: Ներկայիս բարեփոխումները միտված են բուն ապագային, գերխնդիր ունեն երաշխավորելու դատական իշխանության անկախությունը, մեր իրավակարգի ամբողջականությունը, իրավական կարգավորումը դնելու ռազմավարական հունի մեջ: Ըստ էության սա է անհրաժեշտությունը, այս բարեփոխումներն ունեն նաեւ հստակ հակակոռուպցիոն միտվածություն:
Էդիկ Բաղդասարյան - Գիտեք ինչու էի ասում, «այսպես կոչված», որովհետեւ, մոտ տաս տարի է, մենք այդ բարեփոխումներն իրականացնում ենք, բայց այդպես էլ բարեփոխված դատական համակարգ, կարծես թե, չունենք: Հասարակությունը շարունակում է դժգոհել, դատավորները շարունակում են վճիռներ կայացնել նույն ձեւով, ինչպես առաջ: Կարծես թե ոչինչ չի փոխվում բարեփոխումների արդյունքում, չնայած պետությունը հսկայածավալ միջոցներ է ներդրել այդ ոլորտում: Դա եմ ասում, ինչու՞ ենք նորից բարեփոխումներ անելու, եթե որեւէ արդյունք չի լինում:
Գրիգոր Մուրադյան- Այնպես չէ, որ որեւէ արդյունք չկա, այնպես չէ, որ ոչինչ չի արվել եւ այնպես չէ, որ բոլոր դատարանները եւ դատավորները կայացնում են անիմաստ վճիռներ: Այդպիսի պնդումը շատ հեռու է իրականությունից: Այն, որ դրանք բավարար չեն, դեռեււս, ակնհայտ է եւ փաստվում է հանրապետության նախագահի կարգադրությամբ, որով հաստատվել է բարեփոխումների ռազմավարական հնգամյա ծրագիրը: Նախորդ բոլոր գործընթացները գնահատվել են որպես անհրաժեշտ, պիտանի, սակայն ոչ բավարար ապահովելու սահմանադրությամբ պահանջվող անկախ, արդյունավետ, հանրության առաջ հաշվետու դատական իշխանությունը: Այս բարեփոխումները, ի տարբերություն նախորդների, ներառում է ամբողջ մի համակարգ` քայլերի, միջոցների, նաեւ նպատակների:
Էդիկ Բաղդասարյան- Ռազմավարական ծրագիրը պետք է իրականացվի 2012-2016 թվականներին, այնտեղ կա կետ, համաձայն որի` 6 ամիսը մեկ հաշվետվություն պետք է ներկայացվի հանրությանը: Պարոն Մուրադյան, ցանկանում եմ իմանալ՝ 6 ամիս հետո մենք կունենա՞նք պատժված դատավորներ:
Գրիգոր Մուրադյան- Դատավորին պատժելը երբեք չի կարող լինել ինքնանպատակ, որովհետեւ պիտի նախադրյալներն այնպիսին լինեն, որ պատժելու հեռանկարը լինի անխուսափելի: Արդյո՞ք ունենք նման նախադրյալներ, եթե ունենք, ուրեմն իսկապես սկզբում արած Ձեր հարցադրումը ճիշտ կլիներ, եւ բարեփոխումները այլեւս անհրաժեշտ չեն: Հետեւաբար, մենք ամբողջ համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ դատավորին պատժելու հեռանկարն իսկ դատավորին ստիպի, որ ինքը գործի արդար եւ արդյունավետ, այսինքն գործի սահմանադրության, օրենքների, միջազգային չափանիշներին համապատասխան: Ես չեմ ուզում մենք հիմա խոսենք ընդհանուր ձեւակերպումների մասին եւ հույս ունեմ կանցնենք կոնկրետ քայլերի, կփորձեմ ներկայացնել, թե ինչպես ենք կարեւորել այս քայլերը եւ ինչպես ենք գնահատել դրանց իրատեսական լինելը:
Էդիկ Բաղդասարյան- Մինչեւ Սառային խոսք տրամադրելը, մի հարց էլ տամ, պարոն Մուրադյան, չե՞ք կարծում, որ Եվրադատարանի վճիռները կարող են դատավորներին պատժելու լավ նախադեպեր լինել: Ձեր անձնական կարծիքն եմ ուզում, որովհետեւ ծրագրում չտեսա որեւէ բան այդ մասին գրած:
Գրիգոր Մուրադյան- Ռազմավարության մեջ ուղղակիորեն գրված է, որ վերադաս դատարանների վճիռները, որոշումները, որոնցով բեկանվել են ստորադաս դատարանների ակտերը, ինքնին, չեն կարող հանգեցնել դատավորի պատասխանատվությանը, եթե դատավորը չի դրսեւորել դիտավորություն, օրենքի խախտման տեսանկյունից, կամ կոպիտ անփութություն: Սա սահմանադրությամբ երաշխավորված դատավորի անկախության երաշխիքն է: Պետք է սա ապահովել գործնականում եւ հակառակը հետո անցում կատարել դրան, որ եթե դատավորը խախտելով օրենքը` կոպիտ եւ անփույթ եղանակով, վտանգում է արդարադատության հեղինակությունը` ինքը պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ: Այսինքն` չի կարելի բարեփոխումներ անել դատավորին պատժելու համար, դա կոնկրետ գործընթաց է, որը քրեաիրավագիտական շրջանակներում կիրականացվի: Միտումը պատժելը չէ, միտումը` ապահովել այնպիսի անշրջելի նախադրյալներ, որոնք հնարավորություն կտան, որ այդ դատավորը այլ ելք չունենա, քան գործել, բացառապես, սահմանադրության եւ օրենքների միջավայրում: Ես հեռու եմ այն մտքից, որ այդ բարեփոխումները, արդեն դեկտեմբերին, առաջին հաշվետվության օրը կտան այդ արդյունքը, բայց այն որ երկարատեւ հեռանկարում այդ արդյունքը ապահովվելու է, եթե բարեփոխումները կենսագործվեն, դրանում կասկած չունեմ: Դա է սրանց նպատակը եւ առանձնահատկությունը:
Էդիկ Բաղդասարյան- Ես հենց դա եմ ասում, Հյուսիսային պողոտայի բոլոր վճիռների մասին, դեռ էն ժամանակ էինք գրում, որ ապօրինի որոշումներ են, այստեղ կասկած չկա, որ դատավորները հենց այդպիսի որոշումներ են կայացրել, որովհետեւ քաղաքական որոշում էր դա:
Գրիգոր Մուրադյան- Ես գործադիր իշխանության ներկայացուցիչ եմ, թույ տվեք չգնահատել դատարանների որոշումները, այդ իրավունքը ես չունեմ: Այդուհանդերձ, մենք հայտարարել ենք, մասնավորապես Արդարադատության նախարարը, այն մասին, որ հասարակության մեջ առկա է մոտովորապես 80 % անվստահություն դատական համակարգի հանդեպ: Սա գնահատական է եւ հենց այս անվսատհության վերացմանն են ուղղված նաեւ այդ բոլոր միջոցառումները, որոնք միմյանց հետ փոխկապակցված են` սկսած օրենսդրական փոփոխություններից մինչեւ ծրագրային ապահովումը: Կարծեք թե, բոլոր հնարավոր քայլերը փոխկապակցված եւ ռազմավարական տեսանկյունից գնահատված են եւ ամրագրված, ընդ որում, տրված են նաեւ գնահատականներ նախորդ բարեփոխումներում արված եւ չարվածներին: Այսուհետ, մենք պետք է գործենք հենց այս համատեքստում եւ մեր գերխնդիրն է ապահովել, որպեսզի ապօրինի վճիռները լինեն ուղղակի բացառիկ դեպքեր: Եվ այս դեպքերում միանգամից կիրառվեն քրեաիրավական ներգործության միջոցներ: Եղել են ապօրինի այդ վճիռները, ընդ որում բոլորը թե ոչ, ես չեմ գնահատում, համենայնդեպս, այպես չէ, որ եվրոպական կառույցները կամ եվրոպական դատարանը դրանք բոլորը գնահատել է ապօրինի: Մենք չունենք նաեւ այդպիսի մոտեցում, եվրոպական դատարանի որոշումները այդպիսին չեն:
Սառա Պետրոսյան- Պարոն Մուրադյան, ես մեր զրույցը տանեմ, դեպի մեր բուն ծրագիրը, մենք ներկայացնում ենք, որ դատական համակարգի ամենակարեւոր երաշխիքը գործադիր մարմնի դատական համակարգի տարանջատումն է, որ նաեւ սահմանադրությամբ է ամրագրված: Բայց միեւնույն ժամանակ փաստել եւ վերջին տարիների դրա մասին անվերջ խոսվել է, որ քանի դեռ դատավորին նշանակողը եւ դատավորին ազատողը աշխատանքից մնում է հանրապետության նախագահը, չի կարող խոսվել լիարժեք անկախության մասին: Ահա դատական բարեփոխումների երրորդ փուլն է, եւ 2012-2016թ.թ. բարեփոխումների ռազմավարական ծրագրում դարձյալ այդ կետը ներառված չէ, այդ դրույթը քննարկման ենթակա չէ: Ինչու՞, որովհետեւ դրան կարեւորություն չի տրվել, շրջանցվել է, թե համարում եք, որ դա խոչընդոտ չէ անկախության համար:
Գրիգոր Մուրադյան- Նախ պիտի նշեմ, որ դա Սահմանադրությամբ ամրագրված նախագահի լիազորություն է: Հետեւաբար, խոսքը պիտի գնա սահմանադրական փոփոխությունների մասին: Սակայն, մենք միտում չունենք այդ առումով հանգել սահմանադրական փոփոխությունների, որովհետեւ նշանակող սուբյեկտի խնդիրը չէ այստեղ, այլ կառուցակարգային եւ ֆունկցիոնալ անկախության երաշխավորման մասին է խոսքը: Կան երկրներ, որտեղ դատավորները նշանակվում են արդարադատության նախարարի կողմից, կամ արդարադատության նախարարի երաշխավորությամբ: Դուք հիշում եք, որ մենք նախորդ խմբագրությամբ սահմանադրությունում ունեինք նաեւ այդ մոդելը, որ արդարադատության նախարարը առաջարկում է դատավորի թեկնածուներ: Հիմա նախարարը որեւէ ներգործություն չունի այդ գործընթացի վրա, որոշիչ դերակատարությունը, ըստ սահմանադրության, վերապահված է Արդարադատության խորհրդին, որը գրեթե 2/3-ով բաղկացած է դատավորներից: Նշանակման բուն գործընթացն այնպիսին է, որ նախագահի լիազորությունը հակակշռվում է դատական իշխանության կարեւոր սահմանադրական մարմնի Արդարադատության խորհրդի համապատասխան լիազորությամբ: Առանց նրա առաջարկության դատավորներ չեն կարող նշանակվել: Ինքն է նաեւ, որպես աթոռ դատարան կարգապահական պատասխանատվության ենթարկում դատավորներին եւ առաջարկում նախագահին դադարեցնել նրանց լիազորությունները: Այնպես որ, մեր սահմանադրությունը, կարծեք թե, իշխանությունների բաժանման սկզբունքին հավատարիմ է մնացել, ավելին ապահովել է համապատասխան հակակշիռներ:
Սառա Պետրոսյան- Տեսականորեն:
Գրիգոր Մուրադյան- Տեսականորեն, միգուցէ, բայց ինչու չէ, նաեւ գործնականում: Համենայնդեպս, գերխնդիրը նա չէ, որ նշանակողը լինի բուն դատական իշխանությունը, ավելին` անհրաժեշտ է, որ գործադիր իշխանությունը հակակշռի դատական իշխանությանը, նշանակման մասով հատկապես, որպեսզի հնարավոր չլինի կորպորատիվ համերաշխության դրսեւորմամբ նշանակումներ կատարել դատական իշխանության պաշտոններում: Արդյոք, այդ համակարգը ամբողջությամբ կենսունակ է, թե` ոչ ես հեռու եմ այդ մտքից, սակայն նրան են միտված այս բարեփոխումները, որ նաեւ այդ համակարգը դառնա կենսունակ: Դուք կտեսնեք, որ այնտեղ մի շարք քայլեր են արված, որպեսզի թեկնածուների ընտրությունը, հարցազրույցը Արդարադատության խորհրդում լինի օբյեկտիվ, մի փուլ, երբ պարզ չէր հարցազրույցի թեման, կարող էր տրվեր թե՜ մասնագիտական, թե՜ այլ բնույթի հարցեր: Մենք դրել ենք օբյեկտիվ չափանիշներ, այդ թվում, հարցազրույցի համար: Սահմանալու ենք օբյեկտիվ չափանիշներ դատավորի առաջխաղացման համար, խստացվելու են նաեւ դատավորներից հոգեբանական պահանջները` աշխատելու, հմտությունների տեսանկյունից, այսինքն` ստուգվելու են ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլ թեկնածուի կարողությունը ինքնատիրապետման, շփումների, ազդեցության չափավոր օգտագործման տեսանկյունից, դատավորի թեկնածուն մասնագիտական թեստավորմանը զուգահեռ ենթարկվելու է հոգեբանական թեստավորման: Եւ մի շարք այլ քայլեր են իրականացվելու, օրինակ` ներդրվելու է դատավորների գնահատման համակարգ, որն ապահովվելու է համակարգչային ծրագրով, դատավորնները գնահատվելու են օրենքով նախորոք սահմանված օբյեկտիվ չափանիշներով: Դրա հիման վրա դատավորներն արդեն կարող են ունենալ առաջխաղացում, այսինքն այս բոլոր քայլերը միտված են այդ խնդրի լուծմանը:
Սառա Պետրոսյան- Մանրակրկիտ ուսումնասիրեցի փաստաթուղթը, այնտեղ շարադրված միջոցառումները միտված են դատավորի անկախությանը, նրա վարքականոնների պահպանմանը, որոնք, ենթադրվում է, պետք է հանգեցնեն արդարադատ դատական համակարգ ունենալուն: Բայց, նկատելի է, որ այդ միջոցառումներից շատերը տեղ են գտել նաեւ նախորդ բարեփոխումների ծրագրում, նրանք ամբողջությամբ նորություն չեն: Հարց է ծագում, եթե շարունակաբար անց են կացվում դասընթացներ, իրականացվում են օրենսդրական փփոխություններ, ուրեմն մեր երկրում արդարադատության իրականացման խոչընդոտը մշտապես եղել է օրենքների անկատարությունը, թե խոչընդոտները կարելի է նաեւ ուրիշ տեղ փնտրել:
Գրիգոր Մուրադյան- Անգամ ամենազարգացած երկրներում առաջանում է շարունակական բարեփոխումների անհրաժեշտություն, որովետեւ համակարգը անընդհատ պետք է կատարելագործվի` դիմակայելով կյանքի մարտահրավերներին: Ակնհայտ է, որ բարեփոխումները կայուն, հաստատված իրավակարգ ունեցող պետություների համար է անհրաժեշտ, այլ հարց է դրանց խորությունը: Նախկինում եղել են բարեփոխումներում ամրագրված միջոցառումներ, դրանց զգալի մասը իրականացվել է, մի հատվածը չի իրականացվել, կապված ֆինանսական միջոցների անբավարարության հետ: Այս ռազմավարության միտումը հետեւյալն է` բարեփոխումներն իրականացվում են բոլոր ուղղություններով, ոչ թե մեկ կամ երկու ուղղությամբ, ինչպես նախկինում էր: Այս բարեփոխումները ներառում են թե՜ ամբողջ դատական իշխանությունը` ներառյալ դատախազությունը, թե՜ փաստաբանական համակարգը, թե՜ հանրային ռեգիստրների վարումը, հատկապես` էլեկտրոնային նոտարի ինստիտուտի ներդրումը, հանրային ծանուցումների ինստիտուտի բարեփոխումները, թե՜ անգամ իրավական դաստիարակությունը եւ իրավական ամուսնությունը: Այս առումով, այս բարեփոխումների ռազմավարությունը առանձնանում է գոնե ամբողջականությամբ եւ հստակ հակակոռուպցիոն միտվածությամբ: Այս բարեփոխումներում առավել կարեւոր է դատական ինքնակառավարման մարմինների ձեւավորումը: Ներկայումս դատավորներին վերաբերող էական հարցերի մեծ մասը լուծվում է Դատավորների նախագահների խորհրդի կողմից, մի մարմին, որը ձեւավորվում է ի պաշտոնե դատարանի նախագահ հանդիսացող անձանցով: Մեր կարծիքով, եւ դա ամրագրված է ծրագրում, անհրաժեշտ է, որպեսզի դատավորները ունենան ներկայացուցչական մարմին եւ դատավորների մեծամասնությանը վերապահվի իրենց վերաբերող էական հարցերի լուծման հնարավորությունը: Դատավորների ինքնակառավարաման շրջանակներում ստեղծվելու են անհրաժեշտ հակակշիռներ, դատավորների ինքնավարությունը էապես բարձրացնելու ուղղությամբ: Սա չի կարող չնպաստել դատավորների ներքին անկախության ամրապնդմանը, այդ թվում, եւ սա ամրագրված է ուղղակիորեն, դատարանի նախագահից եւ վերադաս դատարանից:
Սառա Պետրոսյան- Ուզում եմ հիշեցնել մի դեպքի մասին: Հիմա էլ ռազմավարական ծրագրում շատ կարեւոր դերակատարում է վերապահված օրենսդրական բարելավումներին, էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ կապված, չգիտեմ Ձեզ նախկինում կատարված փոփոխությունները գոհացնում են թե չէ, բայց բարեփոխումներ նախկինում էլ եղել են: Հանձնաժողովը ստեղծվել է, ուներ կանոնակարգ, որը պետք է գործեր: Մենք նախկինում մի քանի դեպք ենք ունեցել, երբ մի քանի դատավորների կասկածելի ֆինանսների մասին գրություններով դիմել ենք, որպեսզի քննարկենք դատավորի եկամուտը, որը մեզ համար կասկածելի է համարվել: Դիմել ենք դատավորի գործունեության եւ էթիկայի խնդիրների հետ կապված.դատավորը լրագրողին դուրս է հրավիրել, կամ ընդհանրապես արգելել է մտնել նիստերի դահլիճ, այն դեպքում երբ օրենքներում ամրագրված է, որ դատավարությունը բաց է եւ հակառակը չէր կարող լինել: Այսպիսի մի քանի առիթներով մենք գրություններ ուղարկել ենք Արդարադատության խորհուրդ, Էթիակայի հանձնաժողով, որոնք բոլորը մնացել են անպատասխան: Գործող օրենսդրության շրջանակներում դրանք պետք է քննարկվեին, ժամկետների մեջ նրանց արձագանք պետք է տրվեր: Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ պետք է արվի դրանից ավելին, որ 80 % անվստահությունը փոփոխության ենթարկվի, արդյո՞ք այդքան անկատար էին այդ հանձնաժողովի կանոնակարգը, օրենքները, որ նրանք կարող էին նաեւ չքննարկել: Ի՞նչ պիտի արվի իրավիճակը փոփոխելու եւ վստահությունը բարձրացնելու նպատակով:
Գրիգոր Մուրադյան- Ամբողջ հարցը նրանում է, որ մենք խոսում ենք բարեփոխումների տարբեր փուլերի մասին: Կոմունիզմի շինարարությունից որպես նպատակ օրենսդրության մեջ ամրագրված ազատ տնտեսությունը, սա առաջին փուլն է: Երբ որ վերափոխվում է ամբողջ կառավարման մոդելը, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով, սա երկրորդ փուլն է: Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողովին, կամ Ձեր նշած հարցադրումներին, այդ բոլոր հարցադրումներն են, որ հանգեցրել են նման խորությամբ հայեցակարգի եւ ռազմավարության մշակմանը: Ես չեմ ուզում անդրադառնալ կոնկրետ հարցադրումների, որովհետեւ դրանց հասցեատերը ես չեմ, բայց ամեն դեպքում հենց այդ հարցադրումների կրիտիկական զանգվածն է հանգեցրել նրան, որ նախագահի հրամանագրի մեջ նախորդ բարեփոխումները գնահատվել են, որպես անհրաժեշտ, բայց ոչ բավարար արդար, արդյունավետ դատական համակարգ ապահովելու համար: Ձեր բարձրացրած հարցադրումների պատասխանն արդեն առկա է ռազմավարության մեջ, որ դա եղել է ոչ բավարար:
Սառա Պետրոսյան- Եթե կարելի է, ավելի հստակ, ի՞նչն է գնահատվել անբավարար, եւ ի՞նչ միջոցառում է նախատեսվում իրականացնել, որն էականորեն կբարելավի այդ գործունեությունը եւ կփոխի մարդկանց վերաբերմունքը համակարգի նկատմամբ:
Գրիգոր Մուրադյան-Գնահատվել են նախորդ բարեփոխումները, ամբողջ գործընթացը եւ արդյունքներն որպես լիովին անհրաժեշտ, կարեւոր, սակայն, ոչ լիովին բավարար ժամանակակից իրավական պետության չափանիշներին հարիր իրավական եւ դատական համակարգի կայացում: Սա Ձեր բոլոր հարցադրումների պատասխանն է այդ ռազմավարության մակարդակում: Ինչ վերաբերում են կոնկրետ քայլերին, մի մասն ես արդեն նշեցի, այսինքն դատական համակարգում պետք է ձեւավորվեն ինքնակառավարման մասով համապատասխան հակակշիռներ` օրինակ դատարանների նախագահների մասով, դատավորների ներկայացուցչականության ապահովման մասով: Ինչ վերաբերեւմ է օրենքների բարեփոխմանը, որոնց հիման վրա դատավորները վճիռներ են կայացնում, նախատեսված է, օրինակ` լիովին նոր վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքի ընդունում, ամենեւին նոր հայեցակարգային մոտեցումներով, լիովին նոր քրեական օրենսգրքի ընդունում, նախատեսված է պատժիչ քրեական արդարադատությունից անցում դեպի իրավական պետությանը հարիր արդարադատության: Նախատեսված են նախադրյալներ, որոնք թույլ կտան քրեական արդարադատության բնագավառում մեղադրական ուղղվածությունը վերացվի: Նախատեսված է քաղաքացիական օրենսդրության ամբողջական վերանայման հնարավորություն: Նախատեսված է վարչական դատավարության արդյունավետության բարձրացում, նախատեսված է քաղաքացիական դատավարության բարեփոխում, մասնավորապես` ապացուցման ամբողջ հայեցակարգի վերանայում եւ մի շարք այլ միջոցներ: Այս ամենը միտված է ապահովելու այն արդյունքը, որի մասին մենք խոսում էինք:
Էդիկ Բաղդասարյան- Ի՞նչ տեղ ունի այս նոր ծրագրում փաստաբաններ- վճռաբեկ դատարան հակասությունը: Այս բողոքի ակցիաները դարձե՞լ են քննարկման նյութ ընդհանրապես:
Գրիգոր Մուրադյան- Այո: Բողոքի ակցիաներն, ինքնին, ռազմավարության մեջ չեն արտացոլվել, բայց արտացոլվել է հետեւյալ գաղափարը, որ անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը եւ պարզել, թե վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու ամբողջ ընթացակարգի արդարացվածությունը: Անհրաժեշտ է պարզել թե վճռաբեկ բողոք վարույթ ընդունելիս վճռաբեկ դատարանը ինչ չափով պարտավոր է վարույթ ընդունել, ինչ չափով ունի հայեցողություն, որ մասով ձեւական, թե, նաեւ բովանդակային: Այս ամենը նախատեսված է, նաեւ ուսումնասիրության արդյունքում այս տարվա ընթացքում ներկայացնել օրենսդրական բարեփոխում, եթե արդյունները դրան կհանգեցնեն: Այդ վեճը ուղղակիորեն հանգեցրել է նրան, որ անհրաժեշտ գիտական հիմնավորվածության կարիք կա, վճռաբեկ դատարանի տվյալ գործառույթի իրականացման հարցում: Դա իր արձագանքը գտել է ռազմավարության մեջ:
Էդիկ Բաղդասարյան- Փաստաբաններն ասում են ՀՀ Վճռաբեկ դատարանը անկանխատեսելի ատյան է: Նրանք չեն կարող կանխատեսել, թե ինչ է անելու այդ ատյանը, եւ նրանցից շատերը առաջարկում են, որ վճռաբեկի նիստերը ձայնագրվեն: Արդյո՞ք, այս նոր ծրագրով նախատեսվում է նման բան, որովհետեւ դա շատ կարեւոր է, ըստ պատմողների վճռաեբեկի նիստերը դատավորների կողմից «տնավարի» են անցկացվում:
Գրիգոր Մուրադյան- Դատարանների նիստերի ձայնագրության խնդիրը չէմ որովհետեւ կան դատարաններ, որտեղ նիստերը ձայնագրվում են, հարցը դա չէ: Մենք նախատեսում ենք ամբողջական թվայնացում, համապատասխան բազաների եւ ներդրում գործերի բաշխման օբյեկտիվ համակարգի, մի շարք այլ քայլեր եւ միջոցառումներ հենց այս տեխնիկական ապահովման ուղղությամբ: Ձայնագրության խնդիրը չէ, եթե ձայնագրվեց, բայց դատարանը կայացրեց մի որոշում, որը ըստ որոշ մասնակիցների նույնպես կանխատեսելի չէ, որն է դրա տրամաբանությունը: Խնդիրը դա չէ, անհրաժեշտ է համակարգային մոտեցում, ձայնագրությունը տեխնիկական հնարք է, որ ապահովում է դատավորների կաշկանդվածությունը իրենց նախորդ պրակտիկայով: Սա կարող է ապահովվել օրենսդրական եւ այլ միջոցներով, ըստ իս, նաեւ գործող օրենսգիրքն է դա պահանջում: Դատարանը իր նախորդ պրակտիկան փոխելու համար պետք է ունենա էական, ծանակշիռ հիմքեր: Այս մասով սահմանադրական դատարանը մի շարք որոշումներ է ընդունել , որով պահանջել է օրենսդրության բարեփոխում առ այն, որպեսզի վճռաբեկ դատարանը պատճառաբանի վարույթ ընդունելու վերաբերյալ իր որոշումները: Այդ փոփոխությունները օրենքներում արվել են, վճռաբեկ դատարանը, ըստ էության պատճառաբանում է վարույթ չընդունելու իր որոշումները, այլ հարց է , որ ըստ փաստաբանների գնահատականի դա զուտ ձեւական պատճառաբանություն է, ոչ թե բովանդակային: Մենք պիտի գտնենք այնպիսի լուծումներ, որոնք թուլյ կտան վճռաբեկ դատարանի որոշումների կառուցվածքը եւ դրան ներկայացվող պահանջները փոփոխել առ այն, որպեսզի վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու կամ չընդունելու պատճառաբանությունը բավարարի յուրաքանչյուր անաչառ մասնակցի պահանջները: Իհարկե ինչպիսի կլինի որոշումը, դա այլ խնդիր է, բայց եւ այնպես, վճռաբեկ դատարանը այն ատյանը չէ, որ ցանկացած վճռաբեկ բողոք պետք է ընդունի վարույթ, սա նույնպես պետք է հասկանալ: Այս ատյանի բացարձակ, սահմանադրական կարգավիճակից դա չի բխում:
Սառա Պետրոսյան- Պարոն Մուրադյան, եվրոպական դատարանի վերջին վճիռները պետությանը տուգանք նշանակելուց բացի, նաեւ օրենսդրական փոփոխություների խնդիր առաջ քաշեց, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն: Դրանցից մեկը վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը, որի իստիտուտը մեր երկրում չկա եւ որքանով որ նկատեցի, այս ծրագրում էլ իր արտացոլումը չի գտնում: Չի կարեւորվում այդ ինստիտուտը այդպես էլ մեր երկրում, թե մենք չենք նկատում:
Գրիգոր Մուրադյան- Ճիշտ եւ տեղին հարցադրում է: Այդ ինստիտուտը մեր երկրում կա, որքան էլ դա շատերի համար նորություն հնչի: Կա, օրինակ, վարչական իրավունքի ոլորտում: «Վարչարարության հիմունքների մասին» օրենքը ուղղակիորեն ամրագրում է ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, եթե ապօրինի վարչարարությամբ պատճառվել է վնաս: Այդ ինստիտուտը բավարար կարգավորված չէ մեր քաղաքացիական օրենսդրության շրջանակներում: Մենք նախատեսել ենք քաղաքացիական օրենսգրքի ամբողջական վերանայում` նաեւ այս նկատառումերից ելնելով: Այս ինստիտուտը, իմ կարծիքով, պիտի ներմուծվի քաղաքացիական օրենսգիրք: Նախատեսված է նաեւ, որ վնասի հատուցման մեխանիզմները պետք է հստակեցվեն եւ ճշգրտվեն` հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: Այդ միտումը եւս կա, մեխանիզմները դեռ հստակ եւ պարզ չեն, տարբեր երկրներում շատ տարբեր է փորձը դատական պրակտիկայում եւ մենք պետք է ընտրենք, թե որ մոդելն է մեզ համար նախընտրելի: Այնպես չի, որ կան միանշանակ եւ հստակ չափորոշիչներ բարոյական վնասի փոխհատուցման: Դա ամրագրվել է որպես հեռահար նպատակ 2015-2016 թվականների համար, բայց դա արվելու է:
Էդիկ Բաղդասարյան- Մի առաջարկ ունեմ, քանի որ, փաստաբանները անընդհատ ուզում են բանավիճել այս ծրագրի շուրջ, բայց բանախոսներ չեն գտնում, հնարավո՞ր է պարբերաբար Ձեզ, կամ Արդարադատության նախարարության որեւէ ներկայացուցչի հրավիրենք մեր տաղավար նրանց հետ բանավիճելու: Որովհետեւ այս փուլում շատ կարեւոր է քննարկել այդ հարցերը:
Գրիգոր Մուրադյան- Մենք նախատեսում ենք բանավեճի մեկ այլ ֆորմատ եւ հրավիրելու ենք փաստաբաններին, ամսի 24-ին տեղի է ունենալու այս ռազմավարության ներկայացումը եւ Փաստաբանական պալատը նույնպես հրավիրված է: Այնտեղ այդ բոլոր հարցերը պետք է հնչեցվեն: Բանավեճի հնարավորություն փաստաբանները ունեցել էին, երբ որ մենք հանրային լսումներ էինք իրականացնում, այդ թվում այդ լսումները տեղի են ունեցել նաեւ պառլամենտում եւ իրենց կարծիքները հաշվի են առնվել ռազմավարության իրենց վերաբերող հատվածը մշակելիս եւ ոչ միայն այդ տեսանկյունից: Այնպես որ, բանավիճել արդեն ընդունված ծրագրի վերաբերյալ անհասկանալի է, մյուս կողմից բանավիճել առարկայական, բովանդակային տեսանկյունից միանգամայն ընդունելի է, անգամ ողջունելի: Ավելին, մենք փաստաբանների կարծիքը հաշվի ենք առնելու, երբ մշակելու ենք ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ծրագիրը: Իրենց կարծիքը անպայման հայցվելու է եւ եթե տեղավորվելու է հայեցակարգային լուծումների շրջանակներում, հաշվի է առնվելու: Այդ տեսանկյունից ես բանավեճի խնդիր չեմ էլ տեսնում:
Էդիկ Բաղդասարյան- Այնքան բարդ պատասխանեցիք, ես այդպես էլ չհասկացա համաձայն եք, թե համաձայն չեք: Ուղղակի պարբերաբար զրուցենք ինչ-որ հարցերի շուրջ, քննարկենք միասին:
Գրիգոր Մուրադյան-Այնպես չէ, որ ես պիտի գամ եւ կոնկրետ ինչ-որ հարցադրումների պատասխանեմ, ինչ-ինչ դատական վեճերի հետ կապված: Այդ մասով դա իմ խնդիրը եւ իմ լիազորությունը չէ: Եթե խոսելու ենք ռազմավարության կամ մշակվելիք օրենքների նախագծերի վերաբերյալ` հաճույքով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել