
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին կայացած լիագումար նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճելի օրինագիծը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես և առաջին ընթերցման ժամանակ, փաստաթղթին աջակցել են «Վրացական երազանք» կուսակցության և դրա կոալիցիոն գործընկեր «ժողովրդի իշխանություն» կուսակցության 83 պատգամավոր։ Վրացական խորհրդարանն ընդհանուր առմամբ բաղկացած է 150 պատգամավորից։
Երրորդ ընթերցումը նախնական նախատեսված է մայիսի 17-ին:
Խորհրդարանի առջև, ինչպես նախորդ մի քանի օրերին, կրկին հավաքվել էին հազարավոր մարդիկ, ովքեր բողոքում էին օրինագծի ընդունման դեմ: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են ոստիկանության հետ կատաղի բախումներով։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, օրենքի ընդունման պարագայում, ավելի վաղ խոստացել էր վետո կիրառել: Ընդ որում, իշխող կուսակցությունը բավարար ձայներ ունի նախագահական վետոն հաղթահարելու համար։
Օրինագծին դեմ արտահայտվող քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այն անվանում են «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրացական տարբերակը: Օրենքի հնարավոր ընդունումը դատապարտում են ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Եվրախորհրդարանում էլ առաջարկել են Վրաստանին զրկել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակից, եթե օրինագիծն ընդունվի։
Լուսանկարը՝ Zurab Tsertsvadze/AP
Մեկնաբանել