HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախն ու բանկային ճորտատիրությունը

Ալեքսանդր Քանանյան

Քարվաճառում «Արցախբանկի» մասնաճյուղի բացումը հիրավի մեծ առաջընթաց էր՝ շրջանի զարգացման և բնակչության համար նոր դյուրություններ ապահովելու հարցում: Սակայն, խոսելով բազում առավելությունների մասին, հարկ է անդրադառնալ նաև խիստ մտահոգեցնող մի երևույթի՝ «Արցախբանկի»՝ արցախցիների հանդեպ վարած վարկային քաղաքականությանը: Քարվաճառի պես ցայժմ սակավաբնակ տեղում այն պարզապես առավել ցայտուն է:

Միանգամայն հասկանալի է, որ բանկերը հենց վարկավորման ծրագրերից են քաղում իրենց եկամուտի նշանակալից մասը: Բայց տոկոսադրույքները, բնականաբար, պետք է տրամաբանված և հիմնավորված լինեն: Հետպատերազմյան բյուր խնդիրներին բախվող Արցախի բնակչության հաշվին գերշահույթ ապահովելու ներկա ավանդույթը ենթակա է շուտափույթ վերանայման: Քարվաճառում, օրինակ, հավելյալ գումարի անհրաժեշտություն ունեցող հարյուրավոր անձինք մեկ կամ անգամ մի քանի վարկ վերցնելով, ընկնում են իսկական ճորտության մեջ: 24 % տոկոսադրույքով տրամադրվող վարկերը կարիքավոր մարդկանց վերածում են «Արցախբանկի» յուրօրինակ ճորտերի, որոնք այդ նույն բանկից են վերցնում նորանոր վարկեր՝ նախորդ վարկերի տոկսները մի կերպ փակելու համար:

Իհարկե, մենք մտադիր չենք անտեսել բանկից վարկ հայցող շատ քաղաքացիների անպատասխանատվությունը: Յուրաքանչյուր ոք պետք է լրջորեն կշռադատի, թե արդյո՞ք նա ի վիճակի է կատարել բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները: Այս առումով բանավեճ չկա. Դրամական հարցերում թեթևամտությունը բազում ընտանքիների անհաջողությունների կամ քայքայման պատճառ է եղել: Այնուամենայնիվ, պետությունը նույնպես պետք է քաղաքական կամք դրսևորի՝ «Արցախբանկի» սեփականատերերի հետ՝ վարկային տոկոսադրույքների իջեցման գեթ փուլային ընթացքի շուրջ բանակցելու համար: Խիստ անարդար և վրդովեցուցիչ է արցախցիների հաշվին գերշահույթ հետապնդելու նման՝ որևէ միջազգային չափանիշների չհամապատասխանող եղանակը:

http://www.artsakhtoday.com/?p=20940 

Մեկնաբանություններ (3)

Sargis
Հարգելի Արա Պապյան, Դուք խառնում եք վարկը վարկային քարտի հետ... Master Card-ը կարող է լինել 24% տարեկան տոկոսադրույքով, (դա ստանդարտ բան է ամբողջ աշխարհում, սակայն եթե Դուք նույն ձեր նշած կանադական բանկից վարկ վերցնեիք, դժվար թե տոկոսադրույքն անցներ 10%-12%-ից) իսկ ահա բնակչությանը տրվող սպառողական վարկերի պարագայում, այն էլ տնտեսապես շատ խոցելի այդ կոնտինգենտի համար, դա ուղղակի թալան է...
Արա Պապյան
Ես կարծում եմ, որ պետք է շնարհակալություն հայտնել Արցախբանկին այդ հայրենանվեր գործի համար: Դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական քայլ է: Քանի՞ մեծահարուստ կազմակերպություն գիտենք, որ ներդրումներ են անում ազատագրված տարածքներում: Քանի՞ բանկ կա Հայաստանում գործող: Ինչ վերաբերում է բարձր տոկոսադրույքներին, ապա այն կարելի է իջեցնել միայն այլ բանկերի մրցակից մասնաճյուղեր բացելով և ավելի էժան վարկեր տրամադրելով: Հիմա տեսնենք ո՞ր բանկը այնքան համարձակություն կունենա դիմելու նման քայլի: Ի դեպ, իմ Master Card-ի տարեկան տոկոսադրույքն էլ է 24% և այն Canadian National Bank-ից է: Վստահաբար ռիսկայանությունը Կանադայում ավելի ցածր է, քան Քարավաճառում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
24 % տոկոսադրույքով տրամադրվողը ՉԻ կարող 'վարկ' անվանվել: Դա ԳԵՐ-ԳԻՇԱՏԻՉ թակարդ է. ֆինասական ինքնասպանության գործարք: Իսկ այսպիսի ԳԵՐ-ԳԻՇԱՏԻՉ 'վարկեր' կան,որովհետև Պետական Կենտրոնական Բանկը ՉԻ կատարում իր ֆունկցիան: ՀԳ. Առանց Canadian National Bank-ի տարեկան 24%տոկոսադրույքով Master Card-ի էլ դու կարող էիր նորմալ ապրել. Master Card-ը քո համար լյուքս է: Այս մարդիկ հիմնականում ՍՏԻՊՎԱԾ այսպիսի վարկեր են վերցնում ՍՈՎԱՄԱՀ չլինելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter