
Վրաստանի արևմտյան հետագիծը վտանգված է. ԱՄՆ Պետքարտուղարություն
Վրաստանի խորհրդարանի առաջ քաշած «Oտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը և վրացական իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը: Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
«Այդ օրինագիծը և «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին դնում են վտանգավոր հետագծի վրա։ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում ու այդպիսով վտանգում են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ուղին»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ Պետքարտուղարության, «օրենքի ընդունման նպատակն է լռեցնել քննադատներին և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությանը»:
«Տնտեսության և ժողովրդավարության զարգացման ոլորտում Վրաստանին Արևմուտքի օգնությունը, որը ցուցաբերվել է 32 տարվա ընթացքում, սխալ է բնորոշվում պաշտոնական Թբիլիսիի կողմից։ Դա արմատապես խաթարում է այն ամուր հարաբերությունները, որ մենք ունենք Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ»,- ասված է փաստաթղթի մեջ։
Պետքարտուղարությունը դատապարտել է խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ լրագրողների դեմ բռնությունները և վրացական իշխանություններին կոչ արել «ոչ բռնի ակցիաների մասնակիցներին թույլ տալ իրացնել արտահայտվելու ազատության իրենց իրավունքը»:
Լուսանկարը՝ WLDavies / Getty Images
Մեկնաբանել