
Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը որոշել են միավորել իրենց էներգահամակարգերը
Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը հուշագիր են ստորագրել՝ երեք երկրների էներգահամակարգերի միավորման շուրջ համագործակցության վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է Տաշքենդում։ Ինչպես X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը, փաստաթուղթը ստորագրվել է երեք երկրների էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների հանդիպումից հետո։
Özbəkistana işgüzar səfərimiz çərçivəsində #Azərbaycan, #Özbəkistan və #Qazaxıstan iqtisadiyyat və energetika nazirlərinin üçtərəfli görüşündə "Azərbaycan, Qazaxıstan və Özbəkistanın enerji sistemlərinin birləşdirilməsi üzrə Əməkdaşlıq Memorandumu"nu imzaladıq. Sənədin icrası… pic.twitter.com/bPpMOMARmw
— Mikayil Jabbarov (@MikayilJabbarov) May 1, 2024
Ջաբարովի կարծիքով՝ այդ փաստաթուղթը երեք կողմերին թույլ կտա փոխգործակցել «կանաչ» էներգիայի արտադրության և Ադրբեջանի տարածքով Եվրոպա դրա արտահանման կազմակերպման ոլորտում, ինչպես նաև ապահովել էներգահամակարգերի ինտեգրումն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործումը:
Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ մասնակիցները կուսումնասիրեն Կասպից ծովի հատակով բարձրավոլտ մալուխ անցկացնելու միջոցով էներգահամակարգերի միացման հնարավորությունները։ Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևը նշել է, որ ավելի վաղ մշակվել է Կասպից ծովի հատակով խորը ծովային մալուխի անցկացման տեխնիկական առաջադրանքի նախագիծը։
«Տեխնիկական առաջադրանքի շրջանակներում կմշակվի միջազգային տրանսմիսիոն միջանցքների զարգացման և Եվրոպական միության երկրներ կանաչ էներգիայի վաճառքի համար նախատեսված բիզնես մոդել: Վերոգրյալի հիման վրա երեք երկրների էներգետիկայի նախարարությունների միջև մշակվել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի էներգետիկ համակարգերի միջհամակարգային միացման վերաբերյալ համագործակցության հուշագրի նախագիծ»,- նշել է Սատկալիևը։
Ղազախստանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ հանդիպման ժամանակ արդեն քննարկվել և համաձայնեցվել են տվյալ նախագծի իրականացման բազային մոտեցումները։
Լուսանկարը՝ Ջաբարովի Х-ի միկրոբլոգից
Մեկնաբանել