HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունաստանը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկը

Աթենքը ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 8-րդ նիստում ձեռք բերված համաձայնությունը: Այդ մասին ասված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ մենք ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված համաձայնությունը»,- ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել X-ում։

Հունական կողմը հավելել է, որ երկու կողմերը համաձայնվել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը տեղի կունենա 1991 թվականին ստորագրված Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում շարունակել համաձայնեցված միջոցառումների իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- հավելել է պաշտոնական Աթենքը։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, ինչպես նաև կշարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Ապրիլի 23-ից Երևանն ու Բաքուն փաստացի սկսել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա կարևոր է նաև անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար: Նա հավելել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է վերականգնել այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային միության փլուզման պահին:

Սահմանազատման գործընթացը, սակայն, Հայաստանում հանրային դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Տավուշի մարզի բնակիչները, հատկապես Կիրանցում, Բաղանիսում և Ոսկեպարում, բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով միջպետական ու միջհամայնքային ճանապարհները։ Նրանք պնդում են, որ հայկական կողմը սահմանազատման գործընթացում միակողմանի զիջումների է գնում։ 

Լուսանկարը՝ arkadij/Vecteezy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter