
Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Բոգոտան հինգշաբթի օրվանից դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: BBC-ի փոխանցմամբ՝ Գազայում իսրայելական բանակի գործողությունները նա անվանել է «պաղեստինցի ժողովրդի ցեղասպանություն»։
Ավելի վաղ Կոլումբիան դադարեցրել էր Իսրայելից զենքի գնումները։
«Վաղը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզվելու են<...>, քանի որ նրանց կառավարությունն ու նախագահը զբաղվում են ցեղասպանությամբ»,- Բոգոտայում մայիսմեկյան ակցիայի ժամանակ հայտարարել է Պետրոն։ Կոլումբիայի նախագահը նախկինում էլ բազմիցս քննադատել էր հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները և Իսրայելի պատասխան հարվածները ՀԱՄԱՍ-ի դեմ:
«Եթե Պաղեստինը մահանա, ապա մարդկությունն էլ կմեռնի»,- ներկաների ծափահարությունների ներքո հայտարարել է Պետրոն, որոնք պարզել էին պաղեստինամետ պաստառներ:
Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն սերմանող ու հայտարարել, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ-ի գովքին:
«Պատմությունը կհիշի, որ Գուստավո Պետրոն որոշեց կանգնել մարդկությանը հայտնի ամենասարսափելի հրեշների կողքին, ովքեր այրեցին նորածիններին, սպանեցին երեխաներին, բռնաբարեցին կանանց և առևանգեցին անմեղ քաղաքացիական անձանց»,- Х-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։
Կոլումբիայի հրեական համայնքների համադաշնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ երկու երկրների հարաբերություններն անվանել է եղբայրական։ Համադաշնությունը կոչ է արել «պահպանել այդ կապերը՝ բաց պահելով երկխոսության ուղիները»:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կատարվածն անվանել է «հաղթանակ»։
Լուսանկարը՝ Jair F. Coll/Bloomberg via Getty Images
Մեկնաբանել