HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքային նախարարությունը վերականգնել է Մհեր Սեդրակյանի ընկերության ընդերքօգտագործման իրավունքը

«Գաջ» ՓԲԸ-ն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դատարանում հաշտություն են կնքել, համաձայն որի՝ ՏԿԵՆ-ը վերականգնել է Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ տեղամասի նկատմամբ «Գաջ» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը։

«Գաջ» ՓԲԸ-ի բաժնեմասում, համաձայն իրական շահառուների վերջին՝ 2024․ հունվարի 30-ին ներկայացրած հայտարարագրի, 51 % մասնակցություն ունի ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանը, իսկ 49 %՝ Մհեր Սեդրակյանի եղբայրը՝ Վարդան Սեդրակյանը։

«Գաջ» ՓԲԸ-ն 2012թ․-ին ստացել էր Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, որն, ըստ պայմանագրի, վավեր պետք է լիներ մինչև 2057թ.-ը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկությունների համաձայն՝ «Գաջ» ՓԲԸ-ն Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով կուտակել էր 8,5 մլն դրամի ապառք՝ 2021թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ։

Այդ պայմանագրի համաձայն՝ ընկերությունը ստանձնել էր մասնակցություն ունենալ դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 400 հազար դրամ, դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ տրամադրել՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 150 հազար դրամ, իսկ համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն ունենալ՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 300 հազար դրամ։

ՏԿԵՆ-ն արձանագրել էր, որ խախտվել են Ընդերքի մասին օրենսգիրքը և ընդերքօգտագործման պայմանագրի համապատասխան դրույթները, ինչի հիման վրա ընկերությանը զգուշացում էր տրվել։ 2023թ․ հունիսի 9-ին հարուցվել էր վարչական վարույթ։ Վարույթն իրականանցնող հանձնաժողովն արձանագրել էր, որ նշված խախտումը սահմանված 90-օրյա ժամկետում ընկերությունը չէր վերացրել։ Նախարար Գնել Սանոսյանն էլ, այս ամենը հիմք ընդունելով, հուլիսի 10-ի հրամանով դադարեցրել էր Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ հանքամարմնի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքը և ուժը կորցրած ճանաչել 2012թ․ լեռնահատկացման ակտն ու ընդերքօգտագործման պայմանագիրը։

«Գաջ» ՓԲԸ-ն դիմել էր դատարան՝ պահանջելով վերացնել նախարարի՝ ընդերքօգտագործման դադարեցման հրամանը։ Սակայն դատավարության մասնակիցները 2024թ․ փետրվարի 27-ին դատարան են ներկայացրել հաշտության համաձայնություն՝ խնդրելով հաստատել այն:

Ըստ համաձայնագրի տեքստի՝ «Գաջ» ՓԲԸ-ն հրաժարվում է ՏԿԵՆ-ի նկատմամբ «Գաջ» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու կապակցությամբ ունեցած որևէ նյութական, գույքային, ոչ գույքային պահանջներից:

Հիմք ընդունելով վճարման անդորրագիրը՝ ՏԿԵՆ-ն էլ պարտավորվում է ուժը կորցրած ճանաչել (վերացնել) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի հուլիսի 10-ի վիճահարույց հրամանը՝ վերականգնելով Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ հանքամարմնի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքը, «ԳԱՋ» ՓԲԸ-ի անվամբ 2012 թվականի օգոստոսի 22-ին տրված թույլտվությունը, լեռնահատկացման ակտը և 2012թ.-ին «ԳԱՋ» ՓԲԸ-ի հետ կնքված օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման պայմանագիրը։

Կողմերը համաձայնել են, որ նշված համաձայնությունը կնքելուց հետո դատական ծախսերի հարցը կողմերի միջև համարվի լուծված և միմյանց հանդեպ պահանջ չունեն:

Այդպիսով, դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնագիրը և կարճել վարչական գործի վարույթը։

Հիշեցնենք, «Գաջ» ՓԲԸ-ն արդեն իսկ մեկ գործով ուներ իր օգտին կայացված դատական ակտ՝ Գաջահանքի գիպսի բաց հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասով։ ՏԿԵՆ-ն այդ ակտը վերադաս ատյանում չի բողոքարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter