
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են բազմապլան առևտրատնտեսական համագործակցության հարցերը և հաստատել երկկողմ փոխգործակցությունը մի քանի ուղղություններով ամրապնդելու պատրաստակամությունը: Այդ մասին նշվում է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, որոնք ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի օրակարգում։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները վերահաստատել են համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը նշում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, մշակույթի, գիտության, միջտարածաշրջանային փոխգործակցության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Իլյուստրացիան՝ e-cis.info-ից
Մեկնաբանել