ՄԻՊ-ը խիստ անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարում աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը:
«Պաշտպանն օգտատերերին հորդորում է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը:
Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտավորությունն է: Անհրաժեշտ է բացառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում, հարգել նրանց արժանապատվությունը:
Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակությունում կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականության բացառման ուղղությամբ առավել մեծ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր տեսանյութով և գրել․ «Համացանցում մի զազրելի տեսանյութ է շրջանառվում որտեղ, մի խումբ «հումորիստներ» նողկալի կերպով, գուցե և չհասկանալով ծաղրում են աուտիզմ ունեցող մարդկանց: Հաջողվեց պարզել, որ տեսանյութի հերոսներից մեկը «Comedy club-ի» Տաշ Սարգսյանն է: Ակնկալում եմ, որ նույն ջանասիրությամբ պատասխան տեսահոլովակով «Comedy club-ի» Տաշ Սարգսյանն ու մյուսները ներողություն կխնդրեն աուտիզմ ունեցող բոլոր անձանցից և նրանց ընտանիքներից»։
Լուսանկարը՝ էկրանակադր տարածված տեսանյութից
Մեկնաբանել