
Իրանը բարձր է գնահատում Իսրայելի հետ առևտուրն ամբողջությամբ դադարեցնելու Թուրքիայի քայլը
Իրանական կողմը բարձր է գնահատում Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրային հարաբերությունների դադարեցումը։ Այդ մասին Գամբիայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահյանը։
Հանդիպման ընթացքում Աբդոլահյանը նշել է, որ ներկայիս պայմաններում դա խիստ կարևոր քայլ է։
Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև Իսրայելի դեմ Իրանի ռազմական հակաքայլերին: Նրա խոսքով՝ այդ քայլը պետք է ընկալել որպես ինքնապաշտպանության իրավունք։
Հաքան Ֆիդանն էլ նշել է, որ պաշտոնական Թեհրանի հետ համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային հարթակներում Թուրքիայի գլխավոր առաջնահերթություններից է: Խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին՝ թուրք նախարարն ընդգծել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կարևոր դերն այդ հարցի լուծման գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համաձայնագրերի իրականացման, տարբեր ոլորտներում համագործակցության և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել