HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Եվրոպայում ահաբեկչություններ և դիվերսիաներ է պլանավորում. Financial Times

Եվրոպական հետախուզական ծառայությունները նախազգուշացրել են իրենց կառավարություններին, որ Ռուսաստանը սաբոտաժի և դիվերսիայի գործողություններ է ծրագրում ամբողջ աշխարհամասում: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրոպայի երեք հատուկ ծառայություններին։

Պարբերականը գրում է, որ Ռուսաստանն արդեն ուղղակիորեն և միջնորդների միջոցով սկսել է առավել ակտիվորեն նախապատրաստել պայթյուններ, հրկիզումներ և վնաս հասցնել Եվրոպայի ենթակառուցվածքներին՝ չմտածելով խաղաղ բնակիչների մահվան մասին։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ պատճառն այն է, որ Ռուսաստանն Արևմուտքի հետ մշտական հակամարտության ուղին է ընտրել։

«Մենք կարծում ենք, որ պետության կողմից վերահսկվող դիվերսիաների ռիսկը զգալիորեն մեծանում է։ Այժմ Ռուսաստանը կարծես իրեն հարմարավետ է զգում եվրոպական հողի վրա վնասի մեծ ներուժով գործողություններ իրականացնելիս»,- ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի ներքին հետախուզության ղեկավար Տոմաս Հալդենվանգը։

Եվրոպական կառավարություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության ծառայությունների միջոցով տեղեկություններ են ստացվում «Ռուսաստանի ակնհայտ և համոզիչ մեքենայությունների» մասին, որոնք համակարգվում են և մասշտաբային բնույթ կրում:

FT-ն նշում է, որ չնայած Մոսկվայի գործակալները նման գործողությունների իրականացման երկար պատմություն ունեն և վերջին տարիներին Եվրոպայում սպորադիկ հարձակումներ են գործել, ի հայտ են գալիս ավելի ագրեսիվ և համաձայնեցված ջանքերի նոր ապացույցներ:

Ավելի վաղ Բավարիայում ձերբակալվել էին Գերմանիայի և Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք ենթադրաբար հրկիզումներ ու պայթյուններ էին ծրագրել գերմանական ռազմական օբյեկտներում՝ Ուկրաինայի զինված ուժերին օգնություն մատակարարելուն խոչընդոտելու նպատակով: Ապրիլի վերջին Մեծ Բրիտանիայում երկու տղամարդու մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք հրդեհ են կազմակերպել Ուկրաինայի համար օգնության բեռներով պահեստում: Ըստ բրիտանական դատախազության՝ նրանք գործում էին Ռուսաստանի կառավարության համար։

Շվեդիայում հետաքննում են երկաթուղային մի շարք աղետներ, որոնք կարող են սաբոտաժի գործողությունների հետևանք լինել։ Ավելի վաղ Չեխիայի տրանսպորտի նախարարը FT-ին հայտնել էր, որ Ռուսաստանը նաև փորձել է ոչնչացնել չեխական երկաթուղիների ազդանշանային համակարգերը:

Էստոնիայի ներքին անվտանգության ծառայությունն էլ հայտնել էր, որ Էստոնիայում այս տարվա փետրվարին ռուսական հետախուզության աշխատակիցները հարձակում էին գործել այդ երկրի ներքին գործերի նախարարի մեքենայի և լրագրողների վրա: Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունն էլ նախազգուշացրել էր ռազմական օբյեկտների վրա Ռուսաստանի հնարավոր դիվերսիոն հարձակումների մասին:

Իլյուստրացիան՝ Financial Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter