Տնակային կյանք. ծնողների համար երեխաների ապագան անորոշ է
Երկսենյականոց այս տնակը գյումրեցի Տանաշյանների բազմազավակ ընտանիքի նոր բնակարանն է: Նրանց նախկին տնակը քանդվել է, եւ ինչպես ընտանիքի մայրը` 42-ամյա Լալան է ասում` «մանր երեխեքի հետ էնքան գնացի բողոքելու, որ վերջն էս դոմիկը տվեցին»:
«Տան հերթացուցակում չկանք. կուզեմ, որ հերթագրվեմ, առանձին բնակարան ստանամ: Ճիշտն ասած` հերթագրվելու համար գնացել եմ, բայց չի ստացվել, որ քաղաքապետին մոտենամ»,- ասում է Լալա Ստեփանյանը:
Նրա ամուսնու` Խորեն Տանաշյանի հայրական ընտանիքը երկրաշարժի պատճառով կորցրած տան փոխարեն արդեն ստացել է 3 սենյականոց բնակարան: Տարեց ամուսինների հետ այդ տանն ապրում է Խորենի եղբոր ընտանիքը: Իսկ Խորենը 1994 թվականից ծնողներից առանձնացել եւ ապրում է առանձին:
Չարենցավանցի Լալային առաջին անգամ նա տեսել է լուսանկարով, հավանել է, ապա ամուսնացել: Այժմ նրանք մեծացնում են 4 անչափահաս երեխաների. մեծը` Հովհաննեսը, 13 տարեկան է, փոքրը` Մարիամը, երկու:
Ընտանիքի առօրյան «զարդարող» անհարմարությունների մեջ տիկին Լալան առանձնացնում է ջրի խնդիրը: Այն դույլերով բերում են հարեւանների տնից:
«Հոսանք ունենք, ուղղակի մենակ ֆազն ա: Նոլի տեղը պռովուդով հողանցում ենք տվել, բայց դե թույլ ա. մենակ լույս ենք վառում ու տելեվիզր նայում, իսկ պլիտա-բան չենք կարում միացնել: Դրա համար էլ պլիտեն հենց-նենց, որպես աթոռ է դրված»,- ասում է Լալան:
Մյուս կողմից` «թույլ հոսանքն» ունի իր առավելությունը` «համարյա փող չի գրում»:
«Ֆինանսով շատ վատ ենք, օրվա հացը հազիվ կհասցնենք: Ամուսինս արմատուրա, երկաթ է հավաքում: Ինքը տունը չի նստում, միշտ ման ա գալիս: Երեխեքս հորը խղճալով կօգնեն,- մանրամասնում է Լալան:- Առաջ գոնե օրը 1000, եղել ա` 2000 դրամի հավաքել են: Հիմա էդքան չկա»:
Տանաշյանների ընտանիքն ամսական ստանում է 39 հազար դրամ նպաստ եւ 11 հազար դրամ թոշակ մեծ որդու համար: «Էն էլ վերցնում ու տալիս ենք խանութ: Մինչեւ ամսվա վերջ էնքան պարտք ա գումարվում, որ կոնկրետ թիվն էլ չեմ իմանում»:
Լալա Ստեփանյանի խոսքերով` ծանր սոցիալական պայմանները խանգարում են նաեւ երեխաների ուսմանը. «Ճիշտ է` մի քիչ դժվարությամբ կսովորեն, բայց դե հագուստի, կոշիկի, մի խոսքով` չունենալով դպրոց գնալը մի քիչ դժվար է: Դրա պատճառով երեխեքս ահավոր բացակայություններ ունեցան»:
Որեւէ կառույց կամ անհատ ընտանիքին ֆինանսական օգնություն չի տրամադրել, բացի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից: Նրա նկարը Տամաշյանները փակցրել են դոմիկի պատին:
«Իրան շատ ենք սիրում, շատ ենք հավնում: Մի անգամ դիմել եմ ու, որպես 4 երեխու մայր, ինքն ինձ օգնել է, չի մերժել»,- ասում է Լալան:
Տանաշյանների սիրելի քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը, ընտանիքին միանվագ հատկացրել է 10 հազար դրամ:
«Ուրիշ ոչ մեկին չեմ դիմել: Որ ճիշտն ասեմ` տեղը չգիտեմ, թե ում պետք է դիմեմ: Թեկուզ դիմեմ էլ, երեւի չօգնեն… չգիտեմ»,- ավելացնում է Լալան:
Նա նշում է, որ իրենք «Կարմիր խաչի» ենթակայության տակ են. բժիշկների մոտ անվճար կոնսուլտացիաների են գնում: Բայց դեղորայք, առավել եւս` անվճար բուժօգնություն ընտանիքի անդամները չեն ստանում: Այդ կոնսուլտացիաների շնորհիվ հիմա նրանք ավելի լավ գիտեն, թե ով ինչ հիվանդություն ունի:
Ընտանիքի հոր սիրտն աջ կողմում է, վերջինիս երիկամները հիվանդ են: Լալան վերջին տարիներին ուժեղ գլխացավեր ունի, վատառողջ է նաեւ նրա սիրտը: Միջնեկ որդին հաճախամիզություն ունի:
«Հենց մի քիչ մրսում է… Դե, մեջքը թույլ է,- ասում է մայրը եւ նշում, որ ամենասուրը մեծ որդու տեսողության պրոբլեմն է:- Հովհաննեսի տեսողությունը «-11» է: Անցյալ տարի ուղարկել էին Երեւան, անվճար էխո են արել: Բժիշկն ասաց, որ օպերացիա պետք է արվի, բայց գումար չկա»:
«Ամուսինս սկզբից համաձայն էր խոպան գնալ, հետո չգնաց: Որ գնացողներին մահացած կբերեն, ինքը վախցավ, էլ չգնաց: Երկրաշարժից հետո նրա մեջ վախ է մնացել»,- ասում է Լալա Ստեփանյանը:
Նա չի պատկերանում, թե ինչ է լինելու վաղը. «Չգիտեմ, չեմ կարող ասել: Ես էլ, ինքն (ամուսինը) էլ մտածում ենք երեխաների ապագայի մասին: Բայց ի՞նչ անենք: Մեզանից կախված չի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել