
Հայ-վրացական տարբերություն
Օրերս գնացի Վրաստան: Շատ էի լսել, բայց այն ինչ տեսա իմ աչքերով ահավոր էր…. Տարբերությունն էր ահավոր…
Սկսենք Բագրատաշենի սահմանային կետից: Հայկական կողմում դեռևս շինարարություն էր, վրացականում՝ վաղուց արդեն քաղաքակրթության հոտն էր գալիս: Մոտենալով սահմանին զարմացա, երբ ստիպեցին մեքենայի բոլոր ուղևորներին դուրս գալ մեքենաներից ու սահմանային անցակետն անցնել ոտքով: Դե կարգ է, ուզենք չուզենք ենթարկվեցինք: Մոտենալով անցակետի պատուհանին՝ երիտասարդ սպան կարգադրեց անձնագրի կազմը հանել. անկեղծ ասաց մտածեցի, թե անձնագիրը ինչ-որ սարքի մեջ պետք է դնեն, որին կազմը խանգարում է, բայց հիասթափվեցի, երբ տեսա, որ հասարակ սկաներով են անձնագիրը անցկացնում, ինչին կազմը հաստատ չէր խանգարի (ես հետո դրանում համոզվեցի): Մի խոսքով անցանք վրացական կողմ՝ Սադախլո: Հենց սկզբում սահմանապահները հասկանալով, որ Հայաստանից ենք գալիս, զգուշացրեցին, թե կարիք չկա մեքենայից դուրս գալ, միայն հարկավոր է մեքենայի ապակիներն իջեցնել: Ապա վարորդին խնդրեցին փոխանցել նաև ուղևորների անձնագրերը: Քաղաքակիրթ սահմանապահը հերթով կարդաց ուղևորների անունները և սովորական ցանցային տեսախցիկով նկարեց ու, ի դեպ, նույն տեսակի սկաներով անցկացրեց մեր կազմով անձնագրերը: Մաղթեց բարի երթ:
Վերադարձն ավելի զավեշտալի էր: Նույն քաղաքակիրթ վերաբերմունքը վրացական սահմանին և նույն արհամարհական վերաբերմունքը հայկականին: Թվում էր, թե այսքանով ավարտվելու էր այս ինձ համար անամոթ ու վիրավորական վարվելակերպը, բայց ոչ: Դեռևս սահմանակետից չհեռացած՝ մի հաստափոր մաքսավոր կամ այլ տեսակի աշխատակից իրեն գցեց մեքենայի վրա, սկսեց բացել մեքենայի դռները, բեռնախցիկը. անկեղծ՝ սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում, ուզում էի այդ պահին բռնել նրա ձեռքից, հրավիրել ոստիկանության աշխատակցին և կարգի հրավիրել այդ աշխատակցին, հետո, երբ շուրջս նայեցի ու տեսա բացմաթիվ համազգեստով մարդկանց անտարբեր հայացքները, հասկացա, որ դա սրա ամենօրյա սովորական աշխատանքն է, ու երևի թե ես ավելի ծիծաղելի վիճակում եմ, քան ինքը, որ, ըստ իս, խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքը:
Եթե չեմ սխալվում, այն գործողությունները, որոնք նկարագրեցի տվյալ ծառայողի կողմից, որակվում է որպես խուզարկություն, իսկ խուզարկության համար, եթե չեմ սխալվում, հարկավոր է դատարանի հատուկ վճիռ, ընթերականեր և այլն: Եթե մաքսային օրենսդրությունն այլ բան է նախատեսում, ու ես չգիտեմ, ասեք, կամ ասեք, թե ինչ անուն տալ տվյալ աշխատակցի գործողություններին: Ի դեպ, սահմանակետում մի ուշագրավ հայտարարություն աչքովս ընկավ՝ «օգտագործած անվադողերի ներմուծումը խստիվ արգելվում է»: Ներմուծում ասելով՝ չհասկացա, թե ում էր ուղղված այս արգելքը՝ գործարարներին, թե սովորական քաղաքացիներին: Գործարարների հետ կապված չգիտեմ՝ այո թե ոչ, բայց սովորական քաղաքացիներին պետք է որ սա չվերաբերեր, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված ցանկացած ապրանք ձեռք բերել՝ սեփական կարիքների համար` թեկուզ օգտագործած անվադող: Դե հիմա ասեք՝ ինչու՞ չնախանձենք Վրաստանին:
Ավելի հետաքրքիր էր հենց Վրաստանում: Կարճ ժամանակահատվածում նկատելի դարձավ վրացական ոստիկանությունը՝ իր թափանցիկ պատուհաններով և իհարկե ճանապարհի անբաժանելի ուղեկից ճանապարհային ոստիկանությունով: Մի բան է լսել, մեկ այլ բան՝ տեսնել սեփական աչքերով: Նախատեսված արագությունը ոչ մեծ չափերով գերազանցող մեքենային մոտեցավ ճանապարհային ոստիկանը և առանց կանգնեցնելու բարձրախոսով զգուշացրեց՝ իջեցնել արագությունը, վարորդը ենթարկվեց, ոստիկանն էլ հեռացավ:
Պատկերացնում եմ նման իրավիճակ Հայաստանում, այսինքն՝ տեսել եմ… Եղել են դեպքեր, երբ նույնիսկ արագությունը չգերազանցող վարորդին են կանգնեցնում ու ինչ-որ գումար կորզում՝ հօգուտ պետության, թե սեփական գրպանի, դա արդեն կարևոր էլ չէ: Մյուս թեթև խախտումների դեպքում, որոնք չեն ստեղծում վթարային իրավիճակներ, ճանապարհային ոստիկանները սահմանափակվում էին ուղղակի զգուշացնելով: Երբ պատահական խախտում արեցինք մեր մեքենայով, քանի-որ չէինք կողմնորոշվում՝ ինչպես գտնել մեզ հարկավոր մայրուղին, մեզ մոտեցավ քաղաքակիրթ ճանապարհային ոստիկանը և վարորդին դիմեց անմիջապես ազգանունով, ապա առաջարկեց իր օգնությունը և ուղեկցեց մեզ մինչև մեզ արդեն ծանոթ ճանապարհի սկիզբը, ի դեպ չմոռացավ վերջում էլ մաղթել բարի երթ:
Սկզբում մենք զարմացանք, թե ինչպես ոստիկանն իմացավ՝ ով է ղեկին, հետո նա բացատրեց, որ իր համակարգիչում կան տվյալները հենց սահմանակետից, հարկավոր էր միայն հավաքել մեքենայի պետհամարանիշը: Գիտեք, կրկին նախանձեցի վրացիներին: Միգուցե իմ տեսածը վրացական պետության՝ հենց այդ նպատակի համար նախապատրաստված ցուցադրական մասն էր, բայց ես, իմ սովորության համաձայն, էլի բան տեսա… Ընդհանուր տպավորությունս տեղի ազգաբնակչության սոցիալական վիճակի մասին չէի ասի, թե բարձր էր՝ կամ մեր պես, կամ նույնիսկ մի քիչ ավելի վատ, բայց երկու հանգամանք չվրիպեց իմ աչքից: Մարդկանց աչքերում հայերիս նման չկար վիշտ, դժվար ապրուստի հիասթափություն, խաբվածությունից առաջացած բարկություն, անկարողությունից ծագած ցասում: Իսկ վրաստանցի վարորդները, որոնք ի դեպ Թբիլիսի քաղաքում երթևեկում էին 90-100 կմ/ժ արագությունից ոչ պակաս, զարմացրեցին իրենց զիջողականությամբ, ամեն անպատեհ առիթով ձայնային ազդանշաններ չտալով, դրա համար էլ, երբ վրացի տաքսիստին հարցրեցի, թե ինչքան հաճախակի են լինում վրաերթի ու վթարների դեպքերը, պատասխանեց՝ հազվադեպ:
Եկեք սովորենք թեկուզ վրացիներից հենց այսքանը…
Արսեն Բարսեղյան
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել