
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադարի գործարքին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկն ընդունելու պատրաստակամության մասին: Այդ մասին նա հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուրահման բեն Ջասիմ ալ Թանիի և Եգիպտոսի ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավար Աբբաս Քամիլի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Կատարը և Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բանակցություններում հանդես են գալիս որպես միջնորդ։
«Նրանց հայտնել եմ, որ ՀԱՄԱՍ շարժումը հավանություն է տվել հրադադարի մասին համաձայնագրի վերաբերյալ իրենց առաջարկին»,- ասված է խմբավորման տելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ։
Դրանից որոշ ժամանակ առաջ The Times of Israel թերթը հայտնել էր, որ իսրայելական բանակը սկսել է թռուցիկներ տարածել Ռաֆահ քաղաքի արևելյան շրջանում՝ տեղի բնակչությանը կոչ անելով տարհանվել: Իսրայելը մտադիր էր ռազմական գործողություն իրականացնել Գազայի հատվածի հարավում գտնվող այդ քաղաքում: Ընդորում արևմտյան գործընկերներն Իսրայելին բազմիցս կոչ են արել հրաժարվել այդ մտքից։
Ապրիլի 29-ին կայացած բանակցությունների ժամանակ միջնորդները ՀԱՄԱՍ-ին առաջարկել էին 40-օրյա հրադադարի ռեժիմ։ Գործարքը ներառում էր նաև ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պահվող իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի բանտարկյալների հետ:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ենթադրել էր, որ գործարքը թույլ կտա հետաձգել Ռաֆահում գործողության իրականացումը: Սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ապրիլի 30-ին հայտարարել էր, որ այդ քաղաքում գործողության անցկացումը կախված չէ ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների արդյունքից:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններն ընթանում են արդեն մի քանի ամիս։ Իսրայելի ղեկավարությունը պատերազմի հետևանքով իսրայելական կողմի զոհերի թիվը գնահատում է շուրջ 1400, իսկ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է ավելի քան 34 հազար զոհի մասին:
Լուսանկարը՝ Majdi Fathi/NurPhoto/Zuma Press
Մեկնաբանել