HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով:

Ստորագրման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Խորհրդարանական ժողովրդավարությանն անցում կատարելու առաջին իսկ փուլից ՀՀ Ազգային ժողովն ընդունել եւ ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը: Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելու մեր համատեղ ջանքերն ուղղված են մեր պետությունում լավ կառավարման համապարփակ եւ արդյունավետ համակարգի կայացմանը»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահը:

«Իվանա Ժիվկովիչը բարձր է գնահատել համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ, անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին:

«Չնայած համաճարակի, հակամարտությունների եւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ահռելի խոչընդոտներին՝ Հայաստանը ցուցաբերել է տոկունություն եւ ժողովրդավարական բարեփոխումների անսասան նվիրվածություն:

Խորհրդարանի կարողությունների զարգացման նիստերից մինչեւ թվայնացված լուծումների ներդրում մենք պարտավորվում ենք Ազգային ժողովին զինել ժամանակակից կառավարման բարդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ գործիքներով եւ փորձով»,- ընդգծել է Իվանա Ժիվկովիչը:

Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի համագործակցության համար, կարեւորել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի մեկնարկը:

Ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ՆՀԺԽ առաջին ծրագրի հիմնական ձեռքբերումները եւ երկրորդ ծրագրի նպատակներն ու բաղադրիչները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողությունը:

Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ, որին հաջորդել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համաֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter