
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի, դատավորի օգնական դստեր ու կնոջ ունեցվածքը
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի դուստրը 2023թ. նոյեմբերից դարձել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր:
Դատավորի օգնական Մարի Մովսեսյանի հետ, որպես փոխկապակցված անձինք, հայտարարագրեր են ներկայացրել նաև ծնողները՝ Արտյոմ և Ալբինա Մովսեսյանները:
Սկսենք ծնողներից: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել է 2016թ.-ին:
Հայտարարագրի համաձայն՝ 2023թ. նոյեմբերի 21-ի դրությամբ, Արտյոմ Մովսեսյանի եկամուտները կազմել են 1 մլն 338 հազ․ դրամ, որը ստացել է «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ից, որպես աշխատավարձ:
«Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ն հիմնվել է 2016թ. հունիսի 20-ին, Արտյոմ Մովսեսյանի եղբոր՝ Աշոտ Մովսեսյանի կողմից: Սակայն, 6 ամիս անց ընկերության սեփականատերը փոխվել է և միանձնյա սեփականատեր է դարձել Արտյոմ Մովսեսյանը:
Մովսեսյանները «Թռչնաֆաբրիկա Գետամեջ 2016» ՍՊԸ-ին տարբեր փոխառություններ են տվել: Մասնավորապես՝ Արտյոմ Մովսեսյանը սեփական ընկերությանը տվել է 213 մլն 115 հազ. դրամ փոխառություն, կինը՝ Ալբինա Մովսեսյանը, ՍՊԸ-ին հանձնել է 892 մլն 164 հազ․ դրամ և 10 հազ. ԱՄՆ դոլար փոխառություն, իսկ դատավորի օգնական դուստրը՝ 40 մլն 185 հազ․ դրամ և 40 հազ. դոլար:
Ալբինա Մովսեսյանը խոշոր փոխառություններ է հանձնել նաև դատավորի օգնական դստերը և որդուն՝ Արեգ Մովսեսյանին, հավասար մասերով պատկանող «Արմար Գրուպ 4» ՍՊԸ-ին: Ընկերությունը համեմատաբար նոր է ստեղծվել՝ 2023թ. հուլիսին և Մարի Մովսեսյանի մասով հանձնվել է հավատարմագրային կառավարման:
Ալբինա Մովսեսյանն այս ընկերությանը տվել է 130 մլն դրամ և 95 հազ. 600 ԱՄՆ դոլար փոխառություն: Ըստ հարկային մարմնի տվյալների՝ «Արմար Գրուպ 4» ՍՊԸ-ն իրականացնում է ավտոմեքենաների վարձույթի և լիզինգի գործունեություն:
Ըստ հայտարարագրի՝ Արտյոմ Մովսեսյանը Կոտայքի մարզի Հացավան գյուղում ունի հողամաս, Երևան քաղաքում՝ ավտոտնակ: Հայտարարագրել է «SKODA» մակնիշի 2008թ. արտադրության ավտոմեքենա, որը գնել է 2017թ․-ին:
Արտյոմ Մովսեսյանը բանկային հաշվում ունեցել է 1 մլն 441 հազ. դրամ, իսկ կանխիկ՝ 3 մլն 500 հազ. դրամ:
Նշենք, որ Արտյոմ Մովսեսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Ինչ վերաբերում է Ալբինա Մովսեսյանին, նա հայտարարագրել է մոտ 270 մլն դրամ եկամուտ, որը ստացել է «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որպես շահաբաժին և «այլ եկամուտ»:
Ալբինա Մովսեսյանը «Չեխ ավտո» ՍՊԸ-ի սեփականատերն է եղել 2020թ․-ից մինչև 2023թ. հունիսի 2-ը: Մինչ այդ, ընկերությունը 25-ական տոկոսով պատկանել է նրա չորս զավակներին:
«Չեխ ավտո» ՍՊԸ-ն մասնակցել է նաև պետական գնումներին: Ավտոմեքենաներ է մատակարարել Ոստիկանության պարեկային ծառայությանը:
Ալբինա Մովսեսյանի բանկային հաշիվներում եղել է մոտ 110 մլն դրամ, 4 հազ. դոլար և 3 հազ. եվրո: Իսկ կանխիկ գումար՝ 3 մլն 800 հազ․ դրամ և 7 հազ․ 700 եվրո:
Նա հայտարարագրել է 2013թ. արտադրության «SKODA» մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2016թ․-ին, և 6 անշարժ գույք՝ բնակարան և 2 առանձնատուն Երևան քաղաքում, 3 միավոր հողատարածք, որից 2-ը՝ 50% բաժնեմասով:
Դատավորի օգնական Մարի Մովսեսյանի ունեցվածքը համեմատաբար համեստ է: 2023թ. նոյեմբերի 21-ի դրությամբ նա եկամուտ չի ունեցել: Բանկային հաշիվներում ունեցել է մոտ 125 հազ. դրամ և 121 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ՝ 4 մլն 500 հազ. դրամ և 8 հազ. ԱՄՆ դոլար:
Տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Նշել է հողատարածք Արմավիր քաղաքում, որը նվիրատվության կարգով ստացել է 2020թ․-ին: Հայտարարագրում նշված է ևս 4 միավոր անշարժ գույք, որոնց տվյալները փակ են:
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել