
Այս տարի Երևանի պետական համալսարան է ընդունվել 3507 դիմորդ
Հուլիսի 15-ին հրապարակվել է բուհ ընդունված դիմորդների ամբողջական ցուցակը: Բուհ ընդունվելու համար այս տարի դիմել է մոտ 18.500 դիմորդ, որի մոտ 1/3-ը՝ 5400 դիմորդ, դիմել է Երևանի պետական համալսարան (ԵՊՀ): Այսօրվա մամուլի ասուլիսում ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը հայտնեց, որ ԵՊՀ է ընդունվել 3507 ուսանող, որից 381-ը՝ անվճար պետպատվերի շրջանակներում, իսկ 3126-ը՝ վճարովի ուսուցման համակարգում:
ԵՊՀ ընդունված 3507 ուսանողի թվում փոքր փոփոխություններ կլինեն, քանի որ նրանցից ոմանք կարող են նախընտրել գնալ այլ բուհ, որտեղ այլ հայտերով ևս ընդունվել են:
«Պետք է նկատի ունենալ, որ 12-ամյա դպրոցը ավարտող տղաների մի մասը այս ընդունելության քննություններից անմիջապես հետո կզորակոչվի բանակ, և մեր ընդունվողների մեջ պոտենցիալ զորակոչվող տղաների թիվը այսօր կազմում է 238 հոգի, որոնց 18-ը լրացել է: Բնականաբար, այս 3507-ից մենք պետք է հանենք այդ 238-ը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Ի տարբերություն այս տարվա՝ 2011 թ. բոլոր բուհերում շատ փոքրաթիվ ընդունելություն էր կատարվել 1-ին կուրս: Անցյալ տարի ամենից մեծ թվով դիմորդ (մոտ 770 հոգի) ընդունել է ԵՊՀ-ն: Իսկ 2010 թ. ԵՊՀ է ընդունվել 3008 դիմորդ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել