
Ալավերդիում նշել են քաղաքի ու մետալուրգի օրերը
Երեկ ` հուլիսի 15-ին, Քրիստոսի պայծառակերպության տոնին Ալավերդիում անցկացվեցին «Ալավերդու օր» և «Մետալուրգի օր» ավանդական տոնակատարությունները: Վերջինիս շրջանակներում մարզի ղեկավարների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ արդեն եկող տարվա վերջին «Վալլեքսը» կունենա Ղարաբաղի Կաշենի հանքավայրից արտադրված խտանյութ, որը տեղափոխվելու է Ալավերդի և ձուլվելու է պղնձաձուլական գործարանում: Վալերի Մեջլումյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, նաև հայտնեց, որ Ալավերդիում «Վալլեքսը» ժամանակակից պղնձաձուլական գործարան կարող է կառուցել 5-7 տարի հետո:
Իսկ մինչ այդ տոնական օրը ալավերդցիների համար հագեցած էր տոնական միջոցառումներով: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը վաղ առավոտյան իր աշխատասենյակում ընդունեց քաղաքի վաստակաշատ մի խումբ ալավերդցիների, որոնց նա գնահատանքի ջերմ խոսքեր ուղղեց և հանձնեց նվերներ: Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը Քրիստոսի պայծառակերպության տոնի կապակցությամբ պատարագ մատուցեց հավատացյալ ալավերդցիներին: Պատարագին քահանան մատուցեց պայծառակերպության տոնի խորհուրդը:
Ալավերդու քարե կամրջին հարող պուրակում նույն ժամին բացվեց ալավերդցի ստեղծագործողների ցուցահանդեսը: «Մեր քաղաքի օրը մեր ստեղծագործողները ամեն տարի հաշվետվություն են տալիս, թե ինչ են արել տվյալ տարում»,- ասաց քաղաքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Սիլվա Դավթյանը: Ցուցահանդեսին ցուցադրվեցին ալավերդցի նկարիչներ Ռաֆիկ և Կարեն Կոնինյանների, Դավիթ Ղահրամանյանի, Լյովան Մանուկյանի, Հայկ Սիրադեղյանի, Վարուժան Վարդումյանի և գեղարվեստի դպրոցի ու մանկապատանեկան ստեղծագործողների կենտրոնի աշակերտների ու աշխատողների նկարները: Սանահին գյուղական թաղամասում նշվեց Միկոյան եղբայրների թանգարանի հիմնադրման 30-ամյակը: Տոնական օրը սպորտային միջոցառումներ էին կազմակերպվել Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մարզադպրոցում, որտեղ անցկացվեց մարզադպրոցի հիմնադիր Սերգեյ Շախկուլյանին նվիրված բասկետբոլի մրցաշար: Միմյանց հետ մրցեցին Վանաձորի և Ալավերդու բասկետբոլիստները: Մրցապայքարի մեջ մտան նաև Ալավերդու հանդբոլի վետերանները:
Տոնակատարության հետ կապված «Վալլեքսը» պաշտոնական ճաշի էր հրավիրել Ալավերդի քաղաքի հիմնարկների ղեկավարներին և իր առաջավոր աշխատողներին, որտեղ 150 մարդ պարգևատրվեցին կենցաղային իրերով և դրամական պարգևներով: Տոնակատարության վերջում «Վալլեքսի» ֆինանսավորմամբ տեղի ունեցավ ճոխ համերգ և հրավառություն: Համերգին մասնակցեցին Արցախի պարի պետական համույթը, Վանաձորի «Հորովել» պարի պետական անսամբլը, Անդրեն, Սոնա Շահգելդյանը, Էրիկը և մի շարք այլ երգիչներ: Մասնակցեցին նաև Ալավերդու պարի թատրոնի սաները: Ալավերդցիները իրենց հիացմունքը հատկապես դրսևորեցին Արցախի պարի պետական համույթի բարձր կատարողականության նկատմամբ:
Տոնական միջոցառումների ընթացքում «Հետքի» հարցմանը, թե որն է համարում Ալավերդիում ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը, քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը պատասխանեց, որ ամենակարևոր խնդիր առանձնացնելը արդարացի չի համարում, քանի որ դա կնշանակի մի շարք այլ կարևոր խնդիրների թերագնահատում: «Բայց իհարկե Ալավերդիում առաջնահերթ է մարդկանց աշխատանքով ապահովելու խնդիրը, որը հնարավորություն կտա լուծել շատ այլ սոցիալական խնդիրներ»,- ասաց քաղաքապետը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարևորեց աշխատողների պարգևատրումը. «Բոլոր մարդիկ էլ իրենց աշխատանքում կարիք ունեն գնահատվելու և մենք մեր պարտքն ենք համարում վաստակ ունեցող մարդկանց անպայման գնահատելու: Սա կատարում ենք տոնից տոն` հաշվի առնելով մասնագիտական տոնը»:
Արթուր Նալբանդյանը կարևորեց նաև մարզի արդյունաբերական ձեռնարկությունների մասնակցությունը մարզի զարգացման խնդիրներում. «Լոռու մարզում չնայած ունենք 105 գյուղական և ընդամենը 8 քաղաքային համայնքեր, բայց մարզը կոչվում է արդյունաբերական մարզ: Արդյունաբերական արտադրանքի 80 տոկոսից ավելին ապահովում է «Էյ-Սի-Փի» ընկերությունը: Հիմա մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում Քիմպրոմի զարգացմանը: Համոզված եմ, որ Քիմպրոմը հանրապետության մոտ 70 տոկոս պարարտանյութի ծավալը կփակի, և ինձ թվում է՝ 2013 թ.-ի գարնանից սկսած կսկսի արագ տեմպերով զարգանալ: Արդյունաբերությունը արագ տեմպերով զարգանում է նաև մարզի Ստեփանավան քաղաքի Արմանիսի հանքավայրում: Այս 3 քաղաքների արդյունաբերական ձեռնարկությունները էական ազդեցություն կունենան մարզի զարգացման գործում»:
«Ալավերդու օր» և «Մետալուրգի օր» տոնակատարություններին ներկա էր նաև ԱԺ պատգամավոր, ալավերդցի Էդուարդ Շերմազանովը, որին Ալավերդու հիմնախնդիրների հետ կապված «Հետքն» ուղղեց իր հարցերը:
-Ինչպե՞ս եք տեսնում Ալավերդու ապագան:
-Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր ալավերդցի, ես նույնպես ուզում եմ իմ քաղաքի ապագան տեսնել վառ: Ամենակարևորը, որ պղնձաձուլական գործարանը աշխատում է, և մարդիկ աշխատանք ունեն: Կարևորում եմ, որ տեղական իշխանությունները կարողանան իրենց վրա դրված պարտականությունների կատարմամբ խթանեն նոր աշխատատեղի ստեղծմանը: Տասը տարվա կտրվածքով այսօրվա Ալավերդին նախկինի հետ անհամեմատելի է: Ալավերդին միշտ ունեցել է հրաշալի ավանդույթներ, և այդ իմաստով մենք մաքսիմալիստ ենք և շատ ավելի ենք ուզում և դրան արժանի ենք: Կուզենայի Ալավերդիում տեսնել ավելի զարգացած մարզական կյանք և գիտակրթական համակարգ:
-Նախագահ Սերժ Սարգսյանը ալավերդցիների հետ ԱԺ նախընտրական իր հանդիպման ժամանակ երկրի տնտեսական կյանքում հանքահումքային ոլորտի զարգացմանը զուգընթաց կարևորեց բնապահպանական խնդիրների լուծումը: Ինչպե՞ս եք գնահատում նախագահի պահանջի կատարումը Ալավերդիում:
-Եվ վարչապետը և նախագահը միշտ էլ կարևորել են բնապահպանական խնդիրները: Մինչ նախընտրական քարոզչությունը, երբ մենք վարչապետի հետ Ալավերդիում էինք, այստեղ մի շարք ՀԿ-ներ առաջարկեցին կազմակերպել բնապահպանական քննարկում` կառավարության մասնակցությամբ: Հանրապետական կուսակցությունը առաջարկեց այդ քննարկումն անել հենց Ալավերդիում` շահագրգիռ կողմերի հետ միասին: Ալավերդու ապագան ես տեսնում եմ արդյունաբերության զարգացման մեջ` բնապահպանական չափանիշների պահպանմամբ: Այս իմաստով մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը: Որպեսզի դիլետատ չլինենք, մենք պետք է դա լրջորեն քննարկենք: Դրա քաղաքական կամքը մենք ունենք:
-Տարիներ շարունակ Ալավերդիում չի ուսումնասիրվում էկոլոգիական ազդեցությունները բնակչության առողջության վրա: Հնարավոր համարու՞մ եք Ձեր մասնակցությամբ խնդրի լուծումը:
-Ես խնդիր չեմ տեսնում հարցը բարձրացնելու, պարզապես կարևոր ՀԿ-ներ են այդ ոլորտում գործում, եթե ներկայացվեն փաստեր, ես պատրաստ եմ աջակցության, երկրորդն էլ՝ ԱԺ-ում գործում են թե բնապահպանության և թե առողջապահության մշտական հանձնաժողովներ: Ես իմ գործընկերների ուշադրությունը կհրավիրեմ այդ հարցերի վրա: Եթե հարկ լինի, այդ հանձնաժողովների նախագահների հետ կայցելենք Ալավերդի` հարցը տեղում քննարկելու համար:
Մեկնաբանել