
Այս տարվա մոդայիկ և թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները
Այս տարի բուհերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանի պետական համալսարանում կան թափուր տեղեր: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ թափուր տեղեր չկան միայն Երևանի պետական բժշկական համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
ԵՊՀ-ում այս տարի թափուր է մնացել 81 տեղ:
«Ի զարմանս ինձ, մենք, այնուամենայնիվ, ֆիզմաթ թևի քանակը կարողացանք բարեհաջողությամբ այս տարի լրացնել: Բայց նույնը չեմ կարող ասել քիմիա-կենսաբանություն մասնագիտորւթյունների մասին: Շատ ցավալի է, բայց քիմիա, էկոլոգիա մասնագիտությունների գծով մենք ունենք 27 թափուր տեղ»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Թափուր տեղեր կան նաև կենսաբանություն, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտությունների գծով: Արամ Սիմոնյանին հատկապես անհանգստացնում է կենսաֆիզիկայի վիճակը. այս մասնագիտության գծով թափուր է մնացել 18 վճարովի տեղ: «Կենսաֆիզիկան այսօր ամբողջ աշխարհում շատ մեծ առաջընթաց ապրող ուղղություն է»,- ասաց նա:
ԵՊՀ ռեկտորը կենսաֆիզիկայի թափուր տեղերը բացատրում է նրանով, որ դպրոցներում ֆիզիկա առարկայի նկատմամբ ուշադրությունը թուլացել է, դիմորդների մի զգալի մասը ֆիզիկային լավ չի տիրապետում, և իր մեջ չի տեսնում կենսաֆիզիկայի ոլորտում մասնագիտանալու կարողություն:
Թափուր են մնացել նաև տեղեր երկրաբանություն, աշխարհագրություն և ջրաօդերևութաբանություն, եկեղեցաբանություն մասնագիտություններով: Եկեղեցաբանությունն այս տարի առաջին անգամ է դիմորդներին առաջարկվում որպես մասնագիտություն:
Թափուր տեղեր կան ռուս բանասիրություն մասնագիտությամբ: Արամ Սիմոնյանը սա բացատրում է նրանով, որ առաջին անգամ այս մասնագիտությանը զուգահեռ անցկացվել է նաև ռուսերեն լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն մասնագիտությամբ ընդունելություն, և այս մասնագիտությունն իր կողմն է գրավել դիմորդների, որոնք կարող էին դիմել ռուս բանասիրություն մասնագիտություն սովորելու համար:
ԵՊՀ ռեկտորը ընդունելություն հաջող է համարում գերմաներեն և գրականություն, ֆրանսերեն և գրականություն, իսպաներեն և գրականություն մասնագիտություններով:
«Հաջողված եմ համարում մի նոր մասնագիտություն՝ կովկասագիտություն, որի շուրջ Երևանի պետական համալսարանը շատ երկար նախապատրաստական աշխատանք տարավ, և մենք այս տարի ունենք 50 ուսանող այնտեղ: Ես դա համարում եմ մեծ հաջողություն: Կովկասագիտությունը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Ըստ կովկասագիտություն մասնագիտության ուսումնական ծրագրի՝ շրջանավարտները կտիրապետեն մի քանի լեզվի, այդ թվում ադրբեջաներենի, վրացերենի, հին վրացերենի և հյուսիս-կովկասյան որևէ ժողովրդի լեզվի, ինչպես նաև երկրագիտության, Կովկասի ժողովուրդների մշակույթին, պատմությանը:
«Կարծում եմ, որ այստեղ մենք մի քանի տարի հետո արդեն կունենանք լիարժեք մասնագետներ: Կարծում եմ, որ առաջին արդյունքները կլինեն տեսանելի մյուս տարի այս ժամանակ»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Անդրադառնալով «մոդայիկ» մասնագիտություններին՝ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ այս տարի ևս դրանք են միջազգային հարաբերությունները, քաղաքագիտությունը, հանրային կառավարումը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, ռոմանագերմանական լեզուները, արևելագիտությունը, լրագրությունը, ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան: Վերջին մասնագիտության գծով այս տարի աննախընթաց մեծ թվով դիմորդներ են եղել:
Բարձր է մրցույթը լրագրություն, անգլերեն և գրականություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, արևելագիտություն մասնագիտություններով:
Մեկնաբանել