
Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին հորդորում է պահպանել հասարակական կարգը
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր՝ մայիսի 9-ին Երեւանի Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքի վերաբերյալ։
«Հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել