HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Այսօր Շուշիի տոնը որևէ մեկը նշե՞լ է, Երևանը նշո՞ւմ է, պետությունը նշու՞մ է, հիմա չենք նշում». Վաղարշապատի թիվ 4 դպրոցի փոխտնօրեն

Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի 3-8-րդ դասարանի աշակերտները, կրծքին ամրացրած Գեորգևյան ժապավենը, փոխտնօրենի և մի խումբ ուսուցիչների ուղեկցությամբ, այսօր՝ մայիսի 9-ի առավոտյան դպրոցից քայլելով շարժվեցին դեպի Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր: Երեխաների ձեռքին Հայրենական պատերազմի մասնակիցների նկարներն էին և սպիտակ փուչիկներ: «Ինչու սպիտակ փուչիկներ հարցին» փոխտնօրեն Ռուզաննա Ղազարյանը պատասխանում է՝ կողքից ասել են, որ «կարմիրը շատ ռուսական կլինի»: Քայլերթի աբողջ ճանապարհին հնչում էին «День Победы» և ռուսական այլ երգեր:

Միջոցառման կազմակերպիչ, թիվ 4 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Ղազարյանն առաջնորդում էր քայլերթը: Նրանից հետաքրքրվեցինք՝ երեխաները գիտե՞ն, թե այսօր, բացի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, հայ ժողովուրդն ինչ տոն է նշել, և ինչու այս միջոցառմանը չկա եռատոնը բնութագրող որևէ այլ տարր:

«Այս օրը միայն ասոցացվել է Համաշխարհային երկրորդ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, հայ ժողովրդի պանծալի ծառայության և հաղթանակի տոն: Իհարկե, իրենք գիտեն, որ Արցախի, Շուշիի տոնն է, բայց որպես պետական, պաշտոնական տոն մենք չենք նշում»,-ասում է Ռուզաննա Ղազարյանը:

«Նման հրահա՞նգ է եղել, որ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը նշեն, թե դպրոցն է այդպես որոշել»,-հարցրինք Ռ. Ղազարյանին։ Նա ասաց, որ այս միջոցառումն իր նախաձեռնությունն է, և այդտեղ հակահայկական որևէ տարր չկա: Նշեց, որ սա ևս մեր պատմությունն է, որը պետք է հիշել:

«Այսօր Շուշիի տոնը որևէ մեկը նշե՞լ է, Երևանը նշո՞ւմ է, պետությունը նշու՞մ է: 800 երեխա ազգագրական պարերով պարացրել եմ Հանրապետության հրապարակում Շուշիի ազատագրման օրը, Սարդարապատի 100-ամյակին ենք պատրաստվել: Հիմա չենք նշում»,-ասաց Ռուզաննա Ղազարյանը՝ հավելելով, որ իրենք չեն կարող նշել մի տոն, որը պետական մակարդակով չի նշվում:

Քայլերթի ժամանակ ուսուցիչներին մոտեցավ մի տղամարդ և ներկայացավ որպես դպրոցներից մեկում աշխատող զինղեկ: Նա նկատողություն արեց, որ երեխաների հագուստին փակցված է Գեորգևյան ժապավենը, իսկ ձեռքներին խորհրդային տարիների հերոսներն են, եւ ոչ մի լուսանկար՝ մերօրյա հերոսներից:

Ռուզաննա Ղազարյանն ասաց, որ հասկանում են մտահոգությունը, սակայն այդպես է որոշվել տոնը նշել: «Մենք դպրոց ենք, ոչինչ չենք կարող անել»,-ասաց փոխտնօրենը։ Ի պատասխան՝ զինղեկ ներկայացած անցորդը նշեց, թե ինքը ևս դպրոցում է աշխատում և որևէ հրահանգ իրեն չի կարող հետ պահել հայ ժողովրդի հաղթանակները նշելուց:

Դպրոցականները հասան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հուշահամալիր եւ քիչ հեռու կանգնեցին։ Պարզվեց՝ Վաղարշապատի համայնքապետարանի ներկայացուցիչներին էին սպասում, որ միասին մոտենան անմար կրակին և ծաղիկներ խոնարհեն:

Երբ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Պետրոսյանը և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ մոտեցան հուշահամալիրին, Ռուզաննա Ղազարյանը երեխաների հետ նրանց ընդառաջ գնաց:

Վաղարշապատի համայնքապետարանի լրատվական բաժնից ասացին, որ առավոտյան համայնքապետարանի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել նաև արցախյան պատերազմի մասնակիցներին նվիրված հուշակոթողի մոտ, իսկ երեխաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման հետ որևէ կապ չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter