
«Նիկո՛լ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»․ Բագրատ Սրբազան
Ինչպես նախատեսված էր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երեկոյան հասան Երևանի Հանրապետության հրապարակ, և մեկնարկեց հանրահավաքը։
Երթի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով՝ ձևակերպեց շարժման պահանջը։
«Մենք եկել էինք մի պահանջով, եկել էինք պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել և հետո ահաբեկել և սպառնացել է ժողովրդին։
Մենք եկել էինք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների և ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի, ապօրինի գործընթացը, հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։ Մենք դեմ չենք եղել ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը, ո՛չ սահմանագծմանը։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով՝ միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի է մեզ համար»,- ասաց Բ․ Գալստանյանը։
Սրբազանը հավելեց, որ իրենք հստակ խաղաղություն են ուզում։ Ասաց, որ այս կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, ձախողել է երկրի կառավարումը, քանդել է ամբողջ անվտանգային համակարգը, եկեղեցին առաջին օրվանից թիրախ է դարձրել։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Նիկո՛լ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»։
Սրբազանն ասաց, որ մեկ ժամվա ընթացքում պատրաստ է հանդիպելու և քննարկելու հեռանալու մասին բոլոր պայմանները։ «Ձեր հրաժարականով կվերադարձնեք Հայոց եռատոնը, որը գողացել եք էս ժողովրդից»,- հավելեց նա։
Հանրահավաքի մասնակիցները սպասելու են Կառավարության արձագանքին՝ իրենց պահանջի առնչությամբ։
Մեկնաբանել