Հանդիպում՝ նվիրված Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքին: Հանդիպումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի ամփոփմանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը, նույն բաժնի գիտաշխատող Գոհար Մելիքյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքների իրականացման համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ծրագրի իրականացման կարևորությանը և կառույցի հետ համագործակցությանը:
«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ աշխատանքներն ու համագործակցությունը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ բազմաթիվ համատեղ նախագծեր ենք իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և հուսով ենք, որ այս ծրագրի ամփոփումը նոր նախագծերի իրականացման և փոխգործակցության շարունակականության հիմք կհանդիսանա»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև Իրանի գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:
Կողմերը հանգամանորեն անդրադարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրին, հայտի շրջանակում իրականացված դաշտային հետազոտական աշխատանքներին, Սյունիքի մարզի համայնքներում բանահյուսական նյութերի գրանցման, մարզի կրթական և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպումների և տեղեկատվական աշխատաժողովների կազմակերպմանն առնչվող հարցերին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքը բարձր է գնահատել ծրագրի իրականացումը և այն ցուցանիշները, որոնք արտացոլում են ծրագրի արդյունավետությունը՝ ներառելով Սյունիքի մարզի համայնքների, կրթական և մշակութային կազմակերպությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության կրողների ներգրավվածությունն ու մասնակցությունը:
Նշենք, որ 2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային աջակցություն անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (US$ 74,855.00) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում երկու տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար: Հայտը պատրաստվել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:
Հայտի նպատակն էր գույքագրել, պահպանել և խթանել Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլն ձևերով: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:
Մեկնաբանել