HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ «xosnak.am» կայքի աշխատակիցների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության երթի ընթացքում «xosnak.am» լրատվական կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և բռնություն կիրառելու վերաբերյալ: Հայտարարությունը` ստորև.

«Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած երթի ընթացքում Երևանի Ամիրյան փողոցում  խոչընդոտվել է «xosnak.am» լրատվական կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը, կիրառվել բռնություն։ Այսպես՝ լրագրող Նանե Իսրայելյանը փորձել է մեկնաբանություն ստանալ երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից, սակայն վերջինս լրագրողին հորդորել է հեռանալ։ Սրբազանի աջակիցներն էլ նույն լրատվամիջոցի օպերատոր Վահե Աղրյանի ձեռքից խլել են տեսախցիկը, հանել չիպը, իսկ սարքը նետել են գետնին ու կոտրել, ապա հայհոյելով հեռացել են։ Ինչպես հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վերջին շաբաթների ընթացքում Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման դեմ բողոքի ակցիաներով և դրանց հետ կապված տարատեսակ ընդհարումներով պայմանավորված՝ սա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ բռնության արդեն 6-րդ դեպքն է։ Ընդ որում՝ դրանցից երեքում ոստիկաններն են չարաշահել իրենց լիազորությունները և անհիմն ուժ կիրառել լրագրողների ու օպերատորների դեմ, ևս երեք դեպքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնարարքների են դիմել ակցիաների մասնակիցները, կամ երբ դրանք տեղի են ունեցել ակցիաներից դուրս՝ Բագրատ Գալստանյանի համակիրները։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրատվամիջոցների աշխատակիցների դեմ հարձակումների և բռնությունների այս ալիքը՝ անկախ նրանից, թե ում կողմից են դրանք իրականացվում։ Համոզված ենք, որ այդ գործողությունների համար պարարտ հող են ստեղծում մի կողմից իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների, մյուս կողմից՝ ընդդիմադիր գործիչների և բողոքի ակցիաներն առաջնորդողների կոշտ հռետորաբանությունն ու անզգույշ արտահայտությունները ԶԼՄ-ների հասցեին։

Բերենք ընդամենը երկու օրինակ։ Մայիսի 6-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից ասաց․ «Գիտեք ես չե՞մ ուզում լրագրող ծեծել, ես դրա իրավունքը չունեմ, ես դրա մասին մտածելու իրավունք չունեմ․․․»։ Կարելի է ենթադրել՝ եթե ԱԺ նախագահը լրագրող ծեծելու իրավունք ունենար, նա դա կաներ, որովհետև այդպիսի ցանկություն ունի։ Իսկ մայիսի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանն ամբիոնից «Araratnews.am» կայքի պատասխանատուներին անվանել է «տականք» և «մարդասպան»՝ իր խոսքերն աղավաղելու համար։ Այս բառապաշարն ակնհայտորեն վիրավորական է, սադրող բնույթ է կրում և կարող է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ նոր բռնություններ հրահրել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում

  • Իրավապահ մարմիններին՝ ցուցաբերել հավասար մոտեցում լրագրողների ու օպերատորների դեմ ֆիզիկական բռնությունների և գործունեության խոչընդոտումների փաստերը քննելիս՝ ապահովելով օբյեկտիվություն ու անաչառություն, անկախ նրանից, թե ինչ ուղղվածության լրատվամիջոցում են նրանք աշխատում,
  • Իշխող և բոլոր մյուս քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ և տեղեկատվական վեճերն ու անհամաձայնությունները լուծել քաղաքակիրթ ճանապարհով,
  • Վերջին օրերի բողոքի ակցիաները գլխավորող հոգևորական և քաղաքական գործիչներին՝ պատասխանատվություն վերցնել ցուցարարների գործողությունների համար, կառավարել իրավիճակը՝ ապահովելով աջակիցների վարքի պարկեշտությունն ու օրինականությունը, այդ թվում՝ լրագրողների հետ հարաբերվելիս,
  • ԶԼՄ-ներին՝ առավել պատասխանատվություն, անաչառություն և նրբանկատություն ցուցաբերել երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը լուսաբանելիս, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին»։

   
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter