
Ինչո՞ւ է ԵՊՀ իրավաբանականում վարձավճարն այդքան բարձր. Արամ Սիմոնյանի բացատրությունը
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ամենաթանկ մասնագիտությունը իրավագիտությունն է՝ 700 հազար դրամ տարեկան վճարով: ԵՊՀ-ում ամենացածր վճարը 280 հազար դրամն է, ինչը համապատասխանում է պետպատվերի վճարի չափին: Բուհում էժան վարձավճարներով մասնագիտություններից են երկրաբանությունը, մեխանիկան, ռուսաց լեզու և գրականությունը, ռադիոֆիզիկան, ջրաօդերևութաբանությունը:
«Երևանի պետական համալսարանում, ինչքան որ ես եմ տեղեկացված, վարձերը շատ դեպքերում ավելի ցածր են, քան համանման մասնագիտությունը մյուս պետական բուհերում: Մեզ դա լրիվ ձեռք է տալիս»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
Հունիսի 26-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ իր համար ուսման վարձի հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են:
«Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ որևէ մասնավոր բուհում բարձրագույն իրավաբանական կրթություն պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ՝ վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երևանի պետական համալսարանում նույնի համար պետք է վճարել, օրինակ, 800 հազար դրամ: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր ունենք՝ հասկանալու՝ որն է տվյալ մասնագիտության համար արժանահավատ գնագոյացումը, խնդիր ունենք նաև սահմանելու ուսման վարձի վերին շեմ»,- նշել էր Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով նախարարի այս դիտարկմանը՝ Արամ Սիմոնյանն այսօր ասաց, որ Հայաստանում գոյություն չունի հստակ մեթոդաբանություն, որով և կառավարությունը, և բուհերը որոշեն, թե տվյալ մասնագետին պատրաստելու համար որքան գումար պետք է ծախսել, ինչպես որոշել տվյալ մասնագիտության գինը:
«Դա արվել է խիստ մոտավոր,- նշեց ԵՊՀ ռեկտորը և հավելեց:- Օրինակ՝ Պոլիտեխնիկի՝ Ճարտարագիտականի և Երևանի պետական համալսարանի կամ Ճարտարապետաշինարարականի մասնագիտությունները, Երևանի պետական համալսարանի բնագիտական թևը շատ թանկ մասնագիտություններ են»:
Ասածը հիմնավորելու համար Արամ Սիմոնյանը օրինակ բերեց կենսաբանությունը և քիմիան: Կենսաբանություն մասնագիտությամբ ուսուցման համար պետք են լաբորատորիա, սարքավորումներ, փորձերի համար կենդանիներ, ծախսվում են էլեկտրաէներգիա, ջերմություն: Քիմիայի ֆակուլտետում տարբեր փորձեր անելու համար պետք են վառարաններ, սարքավորումներ: Հետևաբար, կենսաբաններ ու քիմիկոսներ պատրաստելու համար շատ գումար է պետք:
Շատ ավելի քիչ ռեսուրսներ են պահանջում, հետևաբար ավելի էժան են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են, օրինակ, իրավագիտությունը և տնտեսագիտությունը, քանի որ դրանց ուսուցման ժամանակ պետք են միայն գիրք, գրիչ, թուղթ, համակարգիչ:
«Բայց շուկայի պահանջներից ելնելով՝ վարձերը հակառակ պատկերը ունեն: Այսինքն՝ բնագիտական թևում վարձերը ավելի ցածր են՝ այն թանկ մասնագիտությունները, որտեղ մեկ ուսանող պատրաստելու համար պահանջվում է ավելի շատ գումար, քան, ասենք, Տնտեսագիտական համալսարանում, որտեղ ուսանողին կրթելը շատ էժան է նստում պետության և բուհի վրա, բայց որտեղ վարձերը բարձր են: Դա թելադրում է շուկան»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Նա նշեց, որ ԿԳ նախարարի նախաձեռնությամբ արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի գնագոյացումը որոշելու մեթոդաբանության հարցերով, և կառավարությունն էլ շուտով որոշում կընդունի դրա վերաբերյալ: Արամ Սիմոնյանը կարծում է, որ հանձնաժողովում կընդգրկվեն նաև բուհերի ներկայացուցիչներ, և կորոշվի, թե վճարի չափը ինչպես է որոշվում, ինչ արժեն գիտելիքը, հմտությունը տվյալ մասնագետին պատրաստելիս:
«Եթե կդրվեն ինչ-որ չափանիշեր, կամ ինչ-որ մակարդակ վերևից և ներքևից կսահմանափակվի, ուրիշ խնդիր է: Բայց այնուամենայնիվ, շուկան ինքն է որոշում, թե այս մասնագետը ինչ գնով պետք է պատրաստվի կամ ինչ կարժենա»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել