HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերի համար

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվների համար։ Պատճառը Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձն է։ Ընդ որում՝ ինստիտուտում այն կարծիքին են, որ Փաշինյանն իր ուղերձով ոչ բացահայտորեն «միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը»։

«Թեև մենք ընդհանրապես չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, մենք պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից, և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։ Սա է՛լ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ տևական ցեղասպան քաղաքականության համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ, թվում է, թե նա մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»,- իր հայտարարության մեջ շարունակում է ինստիտուտը։

Լեմկինի ինստիտուտի փոխանցմամբ՝ վարչապետի ուղերձի մեջ ամենաուշագրավն այն էր, որ այնտեղ որևէ հիշատակում չկար ագրեսորների մասին։ «Ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք կարծես իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել՝ քաղաքական իրավիճակի թյուրըմբռնման պատճառով»,- պնդում է Լեմկինի ինստիտուտը։ Ընդ որում, Լեմկինի ինստիտուտը նշում է, որ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադարձել ոչ միայն Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման մեղսավորությունը, այլև՝ Թուրքիայի կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը։

«Որպես ցեղասպանության կանխարգելման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարության համար պայքարող կազմակերպություն՝ մենք կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու ջանքերին», - իր հայտարարության մեջ նշում է ինստիտուտը։

«Ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր է, որ առաջնորդները պաշտպանեն ճշմարտությունը և գիտակցեն հաշվետվողականության կարևորությունը: Հանցագործ պետություններին հանդարտեցնելը գրեթե երբեք չի հանգեցնում թիրախային բնակչության անվտանգության բարձրացմանը: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է բանակցել իր հարևանների հետ՝ առանց ժխտողական նարատիվների որդեգրման։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել Հարավային Կովկասում ճշմարտությանն ու հաշտեցմանը` չկորցնելով արդարության և պատասխանատվության անհրաժեշտությունը»,- շարունակում է Լեմկինի ինստիտուտը։

Իր հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Անդրանիկ Քոչարյանի այս թեմայով հայտարարություններին։ Իր հայտարարություններից մեկում Քոչարյանն անուղղակիորեն կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի թիվը։ Նրա պնդմամբ՝ անհրաժեշտ է իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի անունների ամբողջականացում։ Ընդ որում, Քոչարյանի պնդմամբ, դա առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին։ «Սա պարզ նպատակ ունի, որպեսզի իմանանք մենք 1,5 միլիոն հայրենակիցների հասցեները, տեղերը, մենք մինչև հիմա չունենք։ Օրինակ, 1,5 միլիոնից ավելի շատ է կամ քիչ է, մինչև հիմա մեր երկիրն ինչո՞ւ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում։ Սա շատ կարևոր է նաև ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Ուզում եմ ասել, որ դրանից վատ մի զգացեք»,- Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր Անդրանիկ Քոչարյանը։

Հովիկ Աղազարյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանը չի կարող պահանջատեր լինել Թուրքիայից։ Որովհետեւ ցեղասպանությունը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության մեջ, որտեղ պետական քաղաքականության հետեւանքով մի ողջ ազգ ոչնչացվել ու տեղահանվել է: Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, հետեւաբար չենք կարող պահանջատեր լինել: Ուրիշ բան, որ աշխարհի տարբեր վայրերում ապրող յուրաքանչյուր անձ հայց ներկայացնի, եթե կարողանա այդ ամենը հիմնավորել: Ես երբեք կողմ չեմ եղել, որ Հայաստանը պահանջատեր է այդ իմաստով: Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից: Պահանջատեր լինենք, որ ի՞նչ, ասենք՝ էդ հողերը տվեք Հայաստանի Հանրապետությա՞նը: Ո՞ր միջազգային նորմերի հիման վրա»,- ասել էր Աղազարյանը։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter