HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտաշատի ավագանու անդամի ընկերությունը՝ նույն համայնքի սուբվենցիոն ծրագրերի հաղթող

Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում: Համայնքապետարանում որևէ խնդիր չեն տեսնում, ուղղակի վկայակոչում են «Գնումների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ գնումների մասնակիցները հավասար են:

Նարեկ Բաղդասարյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2021թ. դեկտեմբերի 5-ի՝ Արտաշատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ զբաղեցրել է կուսակցության համամասնական ցուցակի 26-րդ տեղը: Ինքնաբացարկների և մանդատները վայր դնելու շնորհիվ Ն. Բաբայանը Արտաշատի ավագանու մանդատը ստացել է 2022թ. մարտի 17-ին:

Հայաստանում իշխանափոխությունից հետո Նարեկ Բաղդասարյանը երկու ընկերություն է ստեղծել և սկսել է ակտիվ մասնակցել գնումներին, փորձել է մուտք գործել հանքարդյունաբերություն:

Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 3-ին ստեղծվել է «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն, որի միակ սեփականատերը Նարեկ Բաղդասարյանն է: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:

Ինչպես արդեն նշել ենք, Նարեկ Բաղդասարյանն Արտաշատի ավագանու անդամ է դարձել 2022թ. մարտի 17-ին: Դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ին, ավագանին որոշել է տալ համաձայնություն՝ 2022թ. պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով: Եղել է սուբվենցիոն 8 հայտ, որոնց թվում՝ Արտաշատ համայնքի բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:

Այդ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արտաշատ համայնքի յոթ՝ Նորաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Մրգավան, Դալար, Ազատավան, Մխչյան գյուղերի ճանապարհների ասֆալտապատման նպատակով 2022թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը 595 մլն դրամ է եղել, սակայն աշխատանքների կատարման վերջնարդյունքում փաստացի վճարվել է 589 մլն 831 հազ. դրամ: Գնի 65%-ը վճարվել է համայնքային, իսկ 35%-ը՝ պետական բյուջեից:

Արտաշատի համայնքապետարանի գնումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Փայլակ Հակոբյանը «Հետք»-ին ասաց, որ մոտ 5 մլն դրամի չափով պակաս վճարումը պայմանավորված է ընկերության խնայողություններով:

Արտաշատի ավագանին 2022թ. հոկտեմբերի 12-ին որոշել է նաև համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ 2023թ. ներկայացվող համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին, որտեղ ևս ճանապարհաշինական բաղադրիչ կա:

Ավագանու այս նիստին արդեն մասնակցել է նաև Նարեկ Բաղդասարյանը և կողմ է քվեարկել սուբվենցիոն ծրագրի հայտերի ֆինանսավորմանը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, 2023թ. նոյեմբերի 7-ին Արտաշատի համայնքապետարանը Մասիս, Ազատավան, Ջրաշեն բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքների կատարման պայմանագիր է կնքել «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ՝ մոտ 205 մլն 558 հազ. դրամ արժեքով: Շինաշխատանքները դեռ չեն ավարտվել, և մինչ այժմ ընկերությանը վճարվել է մոտ 133 մլն 613 հազ. դրամ: Այս ծրագրով ևս 65%-ը ֆինանսավորվում է համայնքային բյուջեից, իսկ 35%-ը՝ պետական:

Կուսակցական և ընկերական կապերն օգտագործվել են նաև Արարատի մարզպետարանում: 2023թ․-ին ընթացքում Արարատի մարզպետարանի աշխատակազմը մոտ 109 մլն դրամի պայմանագիր է կնքել Արտաշատի ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանին պատկանող  «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ՝ Արտաշատ համայնքում շինաշխատանքներ իրականացնելու նպատակով: Պայմանագրերը կնքելուց հետո մարզպետարանը, որպես պատվիրատու, իր իրավունքներն ու պարտականությունները համաձայնագրով փոխանցել է Արտաշատի համայնքապետարանին: Նմանատիպ կետ նախատեսված է եղել նաև պայմանագրով:

Արարատի մարզպետարանի անունից պայմանագրերը կնքել է աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը: Նա ևս Արտաշատ համայնքի ավագանու անդամ է: Իսկ Արթուր Մկրտչյանի հայրը՝ Սուրեն Մկրտչյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալն է:

Հարկ է նշել, որ Արթուր Մկրտչյանը ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2023թ. հունիսի 16-ին Արարատի մարզպետարանի և «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի միջև կնքվել է «Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տարածքի բարեկարգման աշխատանքների կատարման պայմանագիր՝ 68 մլն 853 հազ․ դրամ գնով:

Օրեր անց՝ հունիսի 26-ին, նույն կողմերի միջև կնքվել է այդ մարզադպրոցի նստատեղերի ձեռքբերման և տեղադրման պայմանագիր, որի գինը մոտ 26 մլն 429 հազ. դրամ է եղել:

Նշենք, որ այդ պայմանագրերից 3 ամիս անց՝ սեպտեմբերին, կողմերը կնքել են համաձայնագիր, որով մարզպետարանի իրավունքներն ու պարտականությունները փոխանցվել են Արտաշատի համայնքապետարանին:

Հունիսի 26-ին Արարատի մարզպետարանն ու «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ն ևս մեկ պայմանագիր են կնքել՝ Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոց ՀՈԱԿ-ի ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման նպատակով: Պայմանագրի գինը կազմել է 16 մլն 750 հազ. դրամ:

Երեք պայմանագրերն էլ կնքվել են «Հրատապ բաց մրցույթ» ընթացակարգով:

Ավագանու անդամին պատկանող «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ 2022-2023թթ. պայմանագրեր է կնքել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն՝ 70 մլն 400 հազ. դրամ պայմանագրային արժեքով:

Նարեկ Բաղդասարյանը «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ից, որպես շահաբաժին, 2023թ. ընթացքում ստացել է մոտ 43 մլն դրամի եկամուտ: Իր ընկերությունից 900 հազ. դրամ ստացել է, որպես աշխատավարձ, իսկ 17 մլն 937 հազ․ դրամ՝ վարձակալության դիմաց ստացված գումար:

«Գարանտ Կապիտալ Ստրոյ»-ը միակ ընկերությունը չէ, որտեղ մասնակցություն ունի Նարեկ Բաղդասարյանը: 2018թ. մայիսի 16-ին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է «Ուրալ Արնաշ Ստրոյ» ՍՊԸ-ի հայաստանյան ներկայացուցչությունը, որի ղեկավարը Ն. Բաղդասարյանն է:

Եկատերինբուգում 2013թ․-ին գրանցված այս ընկերության հիմնադիրն ու տնօրենը Նարեկ Բաղդասարյանն է: Հիմնական գործունեությունը ալկոհոլային խմիչքների առեւտուրն է: Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի մեկ աշխատող, այսինքն՝ միայն տնօրենն է:

Ընկերությունը փորձել է Հայաստանում զբաղվել հանքարդյունաբերությամբ: Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2020թ. փետրվարի 3-ի որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 6,57 հա գյուղատնտեսական նշանակության և 2,27 հա արդյունաբերության ու ընդերքօգտագործման հողամասերը ընդերքի հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել «Ուրալ Արնաշ Ստրոյ» ՍՊԸ-ին՝ տարեկան 480 հազ. դրամ վարձավճարով: Սակայն ընկերությանը չի հաջողվել դրական եզրակացություն ստանալ և կավ արդյունահանել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրից: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter