
Ինչպես են իրենց ուսումը շարունակելու այն դիմորդները, ովքեր շուտով զորակոչվելու են բանակ
Այս տարի Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) է ընդունվել 3507 դիմորդ: ԵՊՀ ընդունված երիտասարդներից 238-ի 18 տարին լրացել է, և նրանք պոտենցիալ բանակ զորակոչվողներ են:
«Այն մարդիկ, որոնք գնում են բանակ, վերադառնալուց հետո կհամալրեն ուսանողների շարքերը, քանի որ նրանց բազան արդեն ամեն մի բուհում առանձին պահվում է: Տվյալ դեպքում այս 238-ի գործերը Երևանի պետական համալսարանում առանձին բազայով պահվում են, և նրանք հաշվվում են որպես մեր ուսանողներ, որոնք 2 տարի հետաձգում են իրենց ուսումը: Այսպես է նաև պետական մնացած բոլոր բուհերում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:
Բանակից զորացրվելուց հետո ուսանողն ուսումը շարունակում է այն համակարգում, որտեղ ընդունվել էր: Այսինքն՝ եթե ընդունվել էր անվճար համակարգ, ապա ուսումը շարունակում է այդ համակարգում: Զորացրվելուց հետո վճարովիից անվճար կամ զեղչերով համակարգ անցում հնարավոր է, եթե ուսանողի սոցիալական կարգավիճակը փոխվել է, կամ նա, դժբախտաբար, ծնողազուրկ է դարձել:
Հանրապետական ընդունող հանձնաժողովն ընդունել է որոշում, ըստ որի՝ զորակոչված կամ զորակոչվելիք ուսանողները, որոնք արդեն ընդունվել են բուհի վճարովի համակարգ, ցանկության դեպքում կարող են մեկ կիսամյակի վարձը մուծել հիմա և հրամանագրվել որպես ուսանող: «Նրանց հետ կկնքվի պայմանագիր, և նրանք կհամարվեն ուսանող, որոնք գնացին բանակ»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Մեկ կիսամյակի վարձը մուծած երիտասարդները զորացրվելուց հետո մինչև ուսումնառության ավարտ կվճարեն այն չափով վարձ, ինչ վճարել են 1-ին կիսամյակի համար՝ անկախ նրանից՝ զինծառայության 2 տարվա ընթացքում ԵՊՀ-ում ուսման վարձը կբարձրանա, թե կիջնի:
Իսկ 1-ին կիսամյակի վարձը չմուծած երիտասարդները բանակից զորացրվելուց հետո կվճարեն այն չափով վարձ, որը կլինի տվյալ պահին՝ 2 տարի հետո: «Թեև դա չի նշանակում անպայմանորեն, որ վարձի բարձրացում է սպասում: Օրինակ՝ Երևանի պետական համալսարանը վաղուց արդեն իր վարձերը չի բարձրացրել»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Դիմորդը, ով վճարել է մեկ կիսամյակի վարձը, սակայն զորացրվելուց հետո այլևս չի ցանկանում շարունակել կամ սկսել ուսումը ԵՊՀ-ում, հետ կստանա իր վարձը: «Այդպիսի դեպքեր եղել են մեզ մոտ, ճիշտ է՝ քիչ: Մի քանի դեպք ամեն տարի լինում է: Եվ, բնականաբար, այդ փողը վերադարձվում է դիմորդին իր իսկ պահանջով: Մենք իրավունք չունենք, ինչի՞ հիման վրա պիտի այդ գումարը պահենք»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ երիտասարդները հուլիսի 18-ից արդեն զորակոչվում են բանակ՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ-ի հետ պայմանագրերը նրանք կարող են կնքել այսօր, վաղը: Իսկ զորակոչվելուց հետո այդ պայմանագրերը կարող են կնքել երիատասարդների ծնողները նրանց տված լիազորագրով:
Պատասխանելով այն հարցին, թե բանակ գնալ պատրաստվող դիմորդը երբ պետք է վճարի մեկ կիսամյակի վարձավճարը՝ Արամ Սիմոնյանն ասաց. «Երբ ուզում է, թող գա. մեր հաշվապահությունը առավոտից երեկո աշխատում է: Համալսարանը չի փակվում, համալսարանը աշխատում է նաև ամառվա ընթացքում»:
Մեկնաբանել