HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վերադասավորումներ Ռուսաստանի կառավարության կազմում. Շոյգուն հեռանում է պաշտպանության նախարարի պաշտոնից

Մայիսի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական երդմնակալության արարողությունից առաջ գործող կառավարությունը՝ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ, հրաժարական տվեց, ինչի պահանջը սահմանված էր ռուսական սահմանադրությամբ։ Ռուսական լրատվամիջոցներում քննարկվում էր այն հարցը, թե արդյոք Միշուստինը կպահի ռուսական կառավարության ղեկավարի իր պաշտոնը, թե Պուտինը գտել է նոր հավակնորդի։ Սակայն այս հարցում անակնկալ չեղավ։

ՌԴ նախագահը մայիսի 10-ին Պետդումայի քննարկմանը ներկայացրեց ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։

Պետդումայում իր ելույթի ժամանակ Միշուստինը նշեց տնտեսական աճի նոր մոդել մշակելու անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի առաջարկի տնտեսության վրա։ Ըստ նրա՝ նպատակը աշխարհի խոշորագույն տնտեսությունների քառյակում Ռուսաստանի ներգրավումն է։

Միշուստինը ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 4 տարի՝ 2020 թվականի հունվարից։ Նա դարձել էր դրա 14-րդ ղեկավարը և չորրորդ մարդը, որը վերընտրվել է փաստացի երկրորդ ժամկետով։

Նույն օրը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատեց նրա թեկնածությունը, որից հետո Պուտինը ստորագրեց կառավարության ղեկավարի պաշտոնում Միշուստինի նշանակման հրամանագիրը։

Դրանից հետո լրատվամիջոցները քննարկում էին նախարարների պաշտոններում նոր թեկնածուների ի հայտ գալու հավանականությունը։ Կառավարության կազմում, սակայն, մեծ փոփոխություններ չեղան։ Պուտինի ու Միշուստինի թերևս ամենամեծ անակնկալը պաշտպանության նախարարի պաշտոնում Շոյգուի չվերանշանակումն էր։

Միշուստինի առաջարկով՝ նախորդ կառավարության որոշ փոխվարչապետներ պետք է պահեն կառավարության նոր կազմում իրենց պաշտոնները: Ընդորում, այսօր հաստատվել են բոլոր փոխվարչապետների թեկնածությունները։

Այսպես, փոխվարչապետի պաշտոնը պահպանել է Ալեքսեյ Օվերչուկը։ Նա համակարգում է միջազգային համագործակցության հարցերը։ Աշխատանքը կշարունակեն նաև սոցիալական ոլորտը համակարգող փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Հեռավոր Արևելքի համակարգող Յուրի Տրուտնևը և շինարարության ու ենթակառուցվածքային նախագծերի պատասխանատու փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։

Ֆինանսական և վերահսկողական ոլորտները կշարունակի համակարգել փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Դմիտրի Գրիգորենկոն: Բացի այդ, նրան կարող են փոխանցվել նաև թվային զարգացումն ու կապը, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականությունը։

Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, ով ռուսական կառավարության կազմում պատասխանատու էր էներգետիկայի համար, այժմ կղեկավարի նաև տնտեսական բլոկը՝ փոխարինելով Անդրեյ Բելոուսովին։

Տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևին էլ Միշուստինն առաջարկել էր նշանակել տրանսպորտի հարցերով փոխվարչապետի պաշտոնում։

Առաջին փոխվարչապետի պաշտոնն էլ կզբաղեցնի արդյունաբերության նախկին նախարար Դենիս Մանտուրովը, ով այդ պաշտոնում կհամակարգի արդյունաբերության ոլորտը։

Միշուստինը Պետդումա է ներկայացրել նաև նոր կառավարության նախարարների թեկնածուներին։

Արդյունաբերության նախարարի պաշտոնում, որը 2012 թվականից զբաղեցնում էր Մանտուրովը, Միշուստինն առաջարկում է նշանակել Կալինինգրադի մարզի ներկայիս նահանգապետ Անտոն Ալիխանովին:

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները քիչ չեն արդյունաբերության ճյուղում։ Էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջարկվում է նշանակել Կեմերովոյի մարզի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևին, տրանսպորտի նախարարի պաշտոնում՝ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտին, իսկ գյուղատնտեսության նոր նախարար էլ կարող է նշանակվել Օկսանա Լուտը, ով նախկինում զբաղեցրել է նույն նախարարության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Սպորտի նախարարի պաշտոնում էլ առաջարկվում է նշանակել Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Միխայիլ Դեգտյարևին։

Ընդորում, ՌԴ ֆինանսների նախարարությունը կշարունակի ղեկավարել Անտոն Սիլուանովը, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր դեռ այն ժամանակ, երբ Պուտինը Ռուսաստանի վարչապետն էր։ Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում էլ առաջարկվում է վերանշանակել Մաքսիմ Ռեշետնիկովին, ով այդ նախարարությունը գլխավորում է 2020 թվականի հունվարից։

Նոր կառավարության կազմում իրենց պաշտոնները կպահպանեն նաև բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովը, Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Չեկունովը, թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության հարցերով նախարար Մասկուտ Շադաևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, շինարարության հարցերով նախարար Իրեկ Ֆայզուլինը, կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը, աշխատանքի հարցերով նախարար Անտոն Կոտյակովը և լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը։

ՌԴ նախագահը Դաշնային խորհրդին է ներկայացրել ուժային բլոկի նախարարների թեկնածությունները: Այսպես, թերևս ամենաանսպասելի առաջարկն այն է, որ Սերգեյ Շոյգուն չի նշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այդ պաշտոնը Պուտինն ուզում է վստահել նախկին առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռազմական կառույցում այդ նշանակումը մեծ փոփոխությունների չի հանգեցնի։

Նրա խոսքով՝ այդ թեկնածության առաջադրումը պայմանավորված է «ուժային բլոկը երկրի տնտեսության մեջ ընդգրկելու» կարևորությամբ։

Փոխարենը Շոյգուն Պուտինի հրամանագրով նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Ինչպես պարզաբանել է Պեսկովը, այդ պաշտոնում Շոյգուն միաժամանակ կլինի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի տեղակալը, ինչպես նաև կգլխավորի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Պուտինն առաջադրել է Ալեքսանդր Կուրենկովի, արդարադատության նախարարի պաշտոնում՝ Կոնստանտին Չույչենկոյի, ՆԳՆ ղեկավարի պաշտոնում՝ Վլադիմիր Կոլոկոլցևի թեկնածությունները:

Չնայած մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Սերգեյ Լավրովը ցանկանում է թողնել ակտիվ քաղաքականությունը և հեռանալ հանգստի, Պուտինը ԱԳ նախարարի պաշտոնում դարձյալ առաջադրել է 74-ամյա Լավրովի թեկնածությունը։

Նախատեսվում է, որ նախարարների թեկնածությունները կհաստատվեն մայիսի 14-ին։

Լուսանկարը՝ Komsomolskaya Pravda / Globallookpress.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter