
Կնոջ սպանության մեջ մեղադրվող ղազախ նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
Ղազախստանի դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ իր կնոջը սպանելու համար:
Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել առանձնակի դաժանությամբ սպանության և կտտանքների հոդվածներով։ Գործը քննվել է ատենակալների մասնակցությամբ։
Բիշիմբաևի զարմիկը՝ Բակիտժան Բայժանովն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ հանցագործությունը թաքցնելու և դրա մասին չտեղեկացնելու մեղադրանքով:
Բիշիմբաևի գործը Ղազախստանում ակտիվացրել էր ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց օրենսդրական պաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ հասարակական քննարկումները: Ղազախստանում օպերատիվ կարգով ընդունվել էր օրենք, որը խստացնում է ծեծի և առողջությանը թեթև վնաս պատճառելու համար պատիժը, ինչպես նաև նախատեսում է աջակցության կենտրոնների ստեղծում՝ ընտանեկան բռնությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Բիշիմբաևը 2016 թվականին մի քանի ամիս գլխավորել էր Ղազախստանի էկոնոմիկայի նախարարությունը: 2018 թվականին կոռուպցիայի մեղադրանքով նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, սակայն մեկուկես տարի անց ազատ էր արձակվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակմամբ։
Լուսանկարը՝ ulysmedia.kz-ից
Մեկնաբանել