
Երևանի պետական համալսարանին կհաջողվի՞ ստանալ միջազգային հավատարմագրում
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) սկսել է միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որը բուհի ամենակարևոր խնդիրն է այս տարի: Ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում հավատարմագրվում է ոչ թե որոշակի ֆակուլտետ կամ մասնագիտության, այլ ամբողջ բուհը՝ որպես միջազգային չափանիշերին հավասար, որակյալ ուսուցում տվող կրթօջախ:
«Առայժմ մենք հեռու ենք այս հավատարմագրման բոլոր չափանիշերը բավարարելուց: Ձեր կարծիքով ո՞րն է այն հաջողությունը, որ ԱՄՆ կամ Անգլիայի բարձրագույն կրթության հաստատությունները ունեն: Հենց հավատարմագրված լինելու մեջ է, որովհետև նրանց մակարդակը այնպիսին է, նրանք այնպես են կարողացել հավատարմագրվել իրենց համապաստախան գործակալությունների կողմից, որ նրանց որակի չափանիշը արդեն ճանաչվում է ամբողջ աշխարհում: Հիմա մեր խնդիրն է կամաց-կամաց գնալ դրան»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
2012թ. դեկտեմբերին ԵՊՀ կգա հոլանդական համապատասխան կառույցի պատվիրակությունը, որը գնահատկան կտա բուհի ինքնավերլուծությանը, կնշի թերությունները:
«Արդեն իսկ մենք առաջին զեկույցը ուղարկել ենք, նրանք թերությունները նշել են, ետ են ուղարկել մեր որակի ապահովման և հավատարմագրման կենտրոն: Մեր տասնյակ խմբերը աշխատում են այդ զեկույցի վրա»,- ասաց Արամ Սիմոնյանը:
2013 թ. մարտին ԵՊՀ կայցելի երկրորդ խորհրդատվական հանձնաժողովը, կգնահատի բուհի վերջնական զեկույցը, կտեսնի՝ բուհն արժանի՞ է միջազգային հավատարմագրման:
«Դրա արդյունքում մենք մյուս տարի այս ժամանակ կհավատարմագրվենք կամ չենք համատարմագրվի: Միջազգային հավատարմագրումը բարդ պրոցես է»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Նա հավելեց, որ Իտալիայում կամ Իսպանիայում այդպիսի հավատարմագրում չի կիրառվում: Վրաստանում կիրառվում է ներքին հավատարմագրումը:
Մեկնաբանել