Առաջին եռամսյակում 33 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ուղարկվել Հայաստան
2024 թվականի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանը 33.3 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ստացված մարդասիրական օգնության ծավալն աճել է 7 անգամ։
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության գերակշիռ մասը դեղերն ու բժշկական պարագաներն են։ Դրանք ստացվում են «քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք» տողով, որի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 30.2 մլն դոլար՝ 9.4 անգամ ավելի նախորդ տարվա նույն եռամսյակից։ Այսինքն՝ մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների աճը պայմանավորված է այս ապրանքախմբով։
1.4 մլն դոլար է կազմել որպես մարդասիրական օգնություն Հայաստան ուղարկված մանածագործական իրերի ծավալը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այն 6.9 անգամ աճել է։
Մյուս ապրանքախմբերի գծով ծավալներն անհամեմատ փոքր են։
Մարդասիրական օգնության գերակշիռ մասը Միացյալ Նահանգներից է
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության 79.4%-ը ուղարկվել է ԱՄՆ-ից։ ԵՄ երկրների տեսակարար կշիռը 10.2% է, ընդ որում՝ 5%-ը միայն Գերմանիայից։
Երկրների կազմում համեմատաբար տեսանելի կշիռ ունի Հնդկաստանը՝ 4.2%:
ԱՊՀ երկրներից մարդասիրական օգնություն չի ստացվել։
Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի
Մեկնաբանել