HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Տավուշում արվող զիջումներից հետո հարվածի տակ են հայտնվելու մեր մյուս մարզերն ու ի վերջո Երևանը». Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ միասին մոտեցան ամբիոնին՝ իրենց բողոքի ակցիան իրականացնելով։

Խմբակցության ղեկավարը հայտարարեց՝ «Մայր Հայաստան» ժողովրդավարական շարժումն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու կիսում վերջինիս առաջ քաշած պահանջները՝ դեմ արտահայտվելով միակողմանի զիջումներին և կողմ լինելով իրական խաղաղություն ապահովող բանակցային գործընթացին։

«Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների անվան տակ տեղի են ունենում միակողմանի զիջումներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ եթե այդ զիջումները չանեն, ապա պատերազմ կլինի՝ տողատակում կանխորոշելով մեր անխուսափելի պարտությունը։ Սա, իհարկե, սեփական ժողովրդի ահաբեկում է նշանակում։ Այս հարցն ունի երկու կողմ՝ իրավական և անվտանգային։

Հայաստանի տարածքների վերաբերյալ ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով, որևէ այլ տարբերակ կնշանակի Սահմանադրության խախտում՝ դրանից բխող հետևանքներով։ Օրվա իշխանությունների վարքագծի մեջ կարելի է տեսնել Սահմանադրության կոպիտ խախտման դրսևորումներ՝ ուղղված ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլև քաղաքացիների շահերի դեմ»,- ասաց Մանուկ Սուքիասյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինայնը միակողմանի զիջումների դեպքում որևէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը չի հարձակվի կամ միակողմանի նոր զիջումներ չի պարտադրի։

«Ըստ Փաշինյանի՝ եթե մենք զիջենք, ապա ընդամենը կապահովագրվենք այնքանով, որ Ադրբեջանի հարձակումը լեգիտիմ չի լինի, և միջազգային հարթակներում հնարավորություն կունենանք լեգիտիմ ձևով բողոքել։

Մեզ փորձում են համոզել, որ եթե զիջումների գնանք, ապա միջազգային հանրությունը տեր կկանգնի մեզ, դե, երևի այնպես, ինչպես Արցախի հարցում տեր կանգնեց։

Փաշինյանը հայտարարում էր, որ եթե Արցախի կարգավիճակի հարցում իջեցնենք մեր պահանջների նշաձողը, ապա մեզ խոստանում են արցախահայության անվտանգության ապահովում, իրավունքների պաշտպանություն։ Նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ այդպիսով դրժելով իր իսկ նախընտրական խոստումը և իջեցնելով կարգավիճակի նշաձողը մինչև զրոյական կետ։

Դրան հաջորդող Արցախի կորուստն ու արցախահայության էթնիկ զտումն իր դարավոր բնակավայրերից։ Միայն սա բավարար է, որ Փաշինյանի 2021թ. ընտրական լեգիտիմությունը համարենք զրոյացած։ Եթե արցախյան ողբերգությունը չլիներ, ապա այսօր Տավուշի հարցը չէր առաջանա։

Հիմա Փաշինյանը գրեթե նույն բանն է անում Տավուշի հարցում, ինչ արեց Արցախի դեպքում։ Ասում է՝ եկեք հանձնենք, որ ավելի անվտանգ լինենք, կիրանցեցիներին խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չտեսնելու համար ծառեր տնկել դպրոցների մերձակայքում։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները ամբողջ Հայաստանի նկատմամբ։

Փաշինյանի պարտվողական ու ոչ լեգիտիմ քաղաքականությունն էլ իր հերթին սպասարկում է Ալիևի այդ օրակարգը։

Ակնհայտ է, որ Տավուշում արվող զիջումներից հետո հարվածի տակ են հայտնվելու մեր մյուս մարզերն ու ի վերջո Երևանը։ Կիրանցեցիները, ոսկեպարցիները, բաղանիսցիները պայքարում են ոչ միայն իրենց սեփական անվտանգության, ոչ միայն իրենց սեփականության վկայականով պաշտպանված հողակտորի համար, այլև ամբողջ Հայաստանի համար»,- նշեց Սուքիասյանը։

«Մայր Հայաստան» խմբակցությունը կոչ արեց Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական, ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում արտահայտել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։

«Դեմ ենք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ  և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter