
Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հետևանքով ձեռք բերված արդյունքը կարելի է պատմական անվանել։ Նման հայտարարությամբ APA գործակալության փոխանցմամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ հանդիպման ժամանակ։
«Վերջին շրջանում ձեռք բերված զարգացումը մենք շատ դրական ենք ընկալում։ Արդյունքը, կարծում եմ, կարելի է անվանել պատմական՝ բառի իրական իմաստով։ Պետական սահմանի սահմանազատված մասը՝ 10 կմ-ից մի փոքր ավելի, մեր ընդհանուր սահմանի միայն մի փոքր մասն է։ Բայց այստեղ հիմնական հարցը ստեղծված նախադեպն է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ արդյունքը ձեռք է բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ բանակցությունների, քաղաքական և դիվանագիտական ուղիների միջոցով: «30 տարվա մեջ առաջին անգամ մենք նման լուրջ հարցի լուծմանը հասել ենք բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է նա:
Բայրամովի խոսքով՝ սա նաև ազդանշան է սահմանազատման գործընթացում հետագա լուրջ ձեռքբերումների հնարավորության մասին։ «Հուսով ենք, որ այս ուղղությամբ գործերը կշարունակեն զարգանալ դրական հունով», - ընդգծել է նա:
Բայրամովը խոսել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին։ Ըստ նրա՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է իրենից ներկայացնի փաստաթուղթ, որը բաց կետեր չունի և չի ներառում հարցեր, որոնք որոշ ժամանակ անց կրկին կդառնան բանակցությունների թեմա։
«Բանակցություններն ընթացել են Մյունխենում, Բեռլինում և Ալմաթիում։ Մենք պետք է իրատես լինենք մեր սպասումներում, ես չեմ կարող մանրամասներ բացահայտել, քանի որ կան կոնկրետ կետեր»,- թեման եզրափակել է Բայրամովը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել