
Նոր նշանակումներ ռուսական իշխանության կազմում
Վլադիմիր Պուտինը շարունակում է նշանակումները Ռուսաստանի նախագահի պաշտոնը հինգերորդ անգամ զբաղեցնելուց հետո։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևին նախագահի օգնականի պաշտոնում նշանակելու մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պատրուշևը նոր պաշտոնում կզբաղվի նավաշինության հարցերով։ «Սա, իհարկե, մի փոքր այլ բնույթ է կրում, բայց դա բացարձակապես ռազմավարական արդյունաբերություն է, հսկայական արդյունաբերություն, շատ բարդ, և, իհարկե, Նիկոլայ Պլատոնովիչի փորձը, հսկայական փորձը հաստատ մեծ դեր կխաղա այստեղ»,- РБК-ի փոխանցմամբ հայտարարել է Պեսկովը։
Պուտինը նաև իր օգնական է նշանակել Տուլայի մարզի նախկին նահանգապետ Ալեքսեյ Դյումինին, ինչպես նաև Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ելենա Յամպոլսկայային:
Կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոն և մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին վերանշանակվել են նախագահի օգնականների պաշտոններում:
Անտոն Վայնոն վերանշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Ալեքսեյ Գրոմովը և Սերգեյ Կիրիենկոն կրկին նշանակվել են նրա առաջին տեղակալներ, Դմիտրի Կոզակը, Մագոմեդսալամ Մագոմեդովը և Վլադիմիր Օստրովենկոն՝ տեղակալների պաշտոններում։ Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել նաև Մաքսիմ Օրեշկինը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Պուտինի օգնականի պաշտոնը:
Պեսկովը նշել է, որ Տուլայի մարզի նախկին նահանգապետ Ալեքսեյ Դյումինը Պուտինի օգնականի պաշտոնում վերահսկելու է ռազմարդյունաբերական համալիրի և սպորտի հարցերը, իսկ նախագահի աշխատակազմի նոր տեղակալ Մաքսիմ Օրեշկինը կզբաղվի տնտեսության և տրանսպորտի հարցերով։
Պուտինն իր հրամանագրերով Արթուր Մուրավյովին նշանակել է ՌԴ Դաշնային խորհրդում նախագահի լիազոր ներկայացուցիչ, Գարի Մինխին՝ Պետդումայում նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ալեքսանդր Կոնովալովին՝ ՌԴ Սահմանադրական դատարանում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ:
Մամուլի քարտուղարի պաշտոնում վերանշանակվել է Դմիտրի Պեսկովին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից։
Կոլաժը՝ podolyaka.ru-ից
Մեկնաբանել